ՀՀ-ից վերջին 10 տարվա ընթացքում 10 միլիարդ դոլարի արտահոսք է եղել (տեսանյութ)

«Ռուսական ռուբլու անկման արդյունքում այն դրամական միջոցները, որոնք մեր հայրենակիցները ուղարկում էին, իսկ դա կազմում է մոտ երկու միլիարդ դոլարին համարժեք գումար, այսօրվա դրությամբ շատ սուղ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը:

Ըստ նրա՝ երկու-երեք տարի հետո Ռուսաստանը տնտեսական վերելք կապրի իր ցածր ինքնարժեքի հաշվին:

Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը, Վարդան Այվազյանը նշեց, որ պատրաստ է ցանկացած մեկի հետ վիճել՝ ապացուցելու համար, որ ԵՏՄ-ն ճիշտ ընտրություն էր. «Եթե մենք որոշակի լծակներ չենք օգտագործում, չենք օգտվում այդ հրաշալի հնարավորությունից, դա չի նշանակում, թե քաղաքական ընտրությունը սխալ է կատարված»:

Ասուլիսին ներկա մեկ այլ բանախոս՝ Վարդան Բոստանջյանը, իր խոսքում նշեց, որ քանի որ Հայաստանի բոլոր տեսակի կապերը հիմնականում Ռուսաստանի հետ են, ուստի այդ երկրում կատարվող ցանկացած ոչ այդքան դրական իրադարձություն անդրադառնում է նաեւ Հայաստանի վրա: Ինչ վերաբերում է ԵՏՄ-Հայաստան
հարաբերություններին, Բոստանջյանն ունի իր պատասխանը. «Հայաստանում ուզում են առանց մեծ ջանքեր գործադրելու ստանալ շահույթ, բայց դա հեքիաթ է: Դուք պատկերացրեք՝ ՀՀ-ից վերջին տասը տարվա ընթացքում տասը միլիարդ դոլարի չափ արտահոսք է եղել: Է, թող դնեին այստեղ, զարգացնեին»:

Անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններին՝ Վարդան Բոստանջյանն ասաց, որ մեծ հաշվով Հայաստանը Իրանի համար ոչ կոմունիկացիոն, ոչ շուկայական առումով հետաքրքրություն չի ներկայացնում:

«ՀՀ-ն կարող է Իրանի համար դառնալ ֆինանսական հոսքերը, ապրանքների տեղաշարժերը ղեկավարող պետություն: Դուք չկասկածեք, որ Իրանը մեծապես կարող է օգտվել դրանից միայն այն պարագայում, երբ մեր իշխանությունը համապատասխան կեցվածք ընդունի: Իրանի նման երկիրը մեր մշուշոտ կեցվածքին չի կարող ունենալ վերաբերմունք»: