Արմեն Ռուստամյան. «Իշխանությունը հեղինակազրկված է» (տեսանյութ)
Դեռեւս կոալիցիան չի ձեւավորվել, բայց Հանրապետականի եւ Դաշնակցության ջրերն արդեն մի առվով չեն հոսում: «Իշխանությունը հեղինակազրկված է,-հայտարարում է դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը,-Էդ հեղինակազրկված ուժը մեզ ղեկավարում ա»։ Դաշնակցությունը պատրա՞ստ է համագործակցել հեղինակազրկված իշխանության հետ. «Այո, ուրիշ ճանապարհ չկա: Ի՞նչ կապ ունի դա: Ուրիշ տեղ Հայաստանում չի մնացել գործ անելու»,- ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Դաշնակցությունը համագործակցելու է, որպեսզի հեղինակազրկվածների որակն ու քաղաքականությունը փոխվի: Բայց իշխանության հետ համագործակցելու որոշումը մեծացրել է հակադաշնակցական տրամադրությունը. «Ես խնդիր չունեմ համոզել նրանց, ովքեր համոզված են հակադաշնակցական մոտեցումների մեջ: Էդ մարդկանց ուզում ես մատներդ մոմ արա եւ վառի,միեւնույն է, Դաշնակցությանը քարկոծելու են: Ոչինչ, ասում եմ, թող մեր վարկանիշի անկմանհաշվին, բայց երկրի վիճակը շտկվի»,- ընդգծում է պրն Ռուստամյանը: Էդուարդ Շարմազանովն անակնալի եկավ` լսելով, որ Հանրապետականի մասին ասել են հեղինակազրկված. «Այն կարծիքին էլ չեմ, որ բոլորի ուշքը գնում ա իշխանության համար«,- ասում է ԱԺ փոխնախագահը: Հանրապետականն, այնուամենայնիվ, ամենաազդեցիկն է ու ամենավարկանիշայինը. «Ես չեմ ասում Հանրապետականի համար ժողովրդի ուշքը գնում ա», - ակնարկում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հանրապետականը միայն ինքն իրենով հիացած չէ, իրենք պատրաստ են Հայաստանի ապագայի գաղափարների մասով օգտվել այլ կուսակցությունների հետ համագործակցությունից. «Ինչպիսի՞ն կլինի համագործակցությունը, կլինի, թե չի լինի, ցույց տված հանդիպումները ձեր նշած քաղաքական ուժի հետ»: Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների օղակի մեջ էր, որպես Հանրապետականի հետ համագործակցության առաջին հնարավոր պաշտոնյա, մամուլը նրան գործուղել է Արմավիր որպես մարզպետ. «Չկա ըտենց բան, սիրելի լրագրողներ, ապատեղեկատվություն է, դադարեցրեք, թողեք անցնեք»,- փորձում է հավաստիացնել Մինասյանը։ Ի դեպ, պաշտոն ունենալու մասին հարցը անակնկալի չբերեց նաեւ հանրապետական Առաքել Մովսիսյանին: Նա չի բացառում, որ հենց ինքն էլ դառնա Մարդու իրավունքների պաշտպան: Ինքը, համենայնդեպս, այդ գործում շատ անելիք ունի. «Ում ուզեմ, ոնց ուզեմ, ըտենց կանեմ»: