Վահան Շիրխանյանի առողջական վիճակը լավ չէ. պաշտպան
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբաններն այսօր պատրաստվում են երկու միջնորդություն ներկայացնել նախաքննական մարմնին: «Մեր պաշտպանյալը նախկինում ոտքի երակի վիրահատություն է տարել Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում, մի ոտքն էլ թրոմբ ունի , եւ նման պայմաններում նա չի կարողանում քայլել, տեղաշարժվել: Կարող է առաջանալ առողջական վիճակի կտրուկ սրման խնդիր եւ այդ պատճառով նաեւ կյանքին է վտանգ սպառնում»,- «Ա1+»ին ասաց նրա պաշտպաններից Ստեփան Ոսկանյանը: Նրա խոսքերով՝ Շիրխանյանի մյուս պաշտպան Տիգրան Տեր-Եսայանն է այցելել նրան եւ առողջական վիճակն այդքան էլ լավ չի եղել: «Նրան շտապ պետք է տեղափոխել մասնագիտացված բժշկական կենտրոն, քանի որ մինչ ձերբակալվելը բուժումը տեղի է ունեցել Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում, այդ պատճառով մենք միջնորդելու ենք նրան տեղափոխել այնտեղ, իսկ երկրորդ միջնորդությունը վերաբերում է ընտրված խափանման միջոցը փոխելուն՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը»,-ասաց Ստեփան Ոսկանյանը: Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ:Ի դեպ, դեկտեմբերի 19-ից կալանավորված Պաշտպանության նախկին փոխնախարարը ձերբակալվելիս, որպես մեղադրյալ, միայն մեկ անգամ է հարցաքննության ենթարկվել, այլ քննչական գործողություններ մինչ այս պահը տեղի չեն ունեցել: