ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ դեռեւս քննարկում է համագործակցության ձեւաչափը (տեսանյութ)
«Մենք դռները չենք փակում, մենք համագործակցության կողմնակից քաղաքական ուժ ենք, իսկ այդ համագործակցությունը պետք է լինի ծրագրային, գաղափարական: ՀՅԴ-ի հետ դեռևս քննարկվում է համագործակցության չափը: Միգուցե հաջորդ նիստի ընթացքում նոր զարգացումների մասին ես ձեզ հետ կխոսեմ, բայց այս պահին վերջնական որևէ բան հստակեցված չէ: Կապրենք ,կտեսնենք»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագորղներին տեղեկացրեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ Գալուստ Սահակյանն էլ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ խոսք ու զրույց է ընթանում: «Ա1+»-ի այն հարցին, թե հնարավոր է արդյոք կոալիցիա կազմվի ԲՀԿ-ի հետ ,ինչին ի պատասխան Շարմազանովը նշեց. «Ես ՀՅԴ-ի հետ էլ կոալիցիա կազմելու անուն չեմ տվել, ես խոսել եմ համագործակցության մասին: Ձևաչափի վերջնական տարբերակը մենք կունենանք, երբ որ կավարտվեն բոլոր հանդիպումները: Մենք այսօր դեռևս վերջնական որոշում չունենք ապագայի հետ կապված:Այս պահին ինչ գրում է, դա գրում է մամուլը և շատ դեպքերում այդ գրածները գոնե այսօրվա համար իրականության հետ չեն համընկնում: ՀՀԿ գործադիր մարմինը վերջնականապես դեռևս չի քննարկել ում հետ պետք է գնանք համագործակցության, կլինի կոալիցիա, թե չի լինի»: Փետրվարի 11-ին լրանում է նաև ԱԱԾ-ի պետ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամանակը: ՀՀԿ խոսնակից հետաքրքրվեցինք նաև, թե ով է նրան փոխարինելու: «Կուսակցությունն այն մարմինը չէ, որ պիտի քննարկի ԱԱԾ պետի պաշտոնի հավանական թեկնածուի հարցը: Դա ազգային անվտանգության հարց է, որը պիտի քննարկվի նախագահի գլխավորությամբ՝ անվտանգության խորհրդում: Դա մեր լիազորություններից վեր հարց է»,-ասաց նա: ՄԻՊ-ի թեկնածուի վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան պարոն Շարմազանովը նշեց, որ այդ հարցը դեռևս չեն քննարկել: Նա անդրադարձավ նաև արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին, որոնք նիստի ընթացքում ևս քննարկվել են: Մասնավորապես նա խոսեց ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում քննարկված երկու հակահայկական բանաձևերի մասին: Ի դեպ նշենք նաև, որ նիստը մեկնարկեց նախատեսված ժամից 40 րոպե ուշացումով: Սերժ Սարգսյանը ժամանել էր ուշացումով: Ավելին՝ տեսանյութով