Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ում բարգավաճում են  բիզնեսները, կառավարությունում այդքան հարուստ մարդ կա. ԵՄ դեսպան (տեսանյութ)

Քաղաքականություն
etika1

«Ազգային եւ միջազգային ջանքերը կիրառական էթիկայի ոլորտում» թեմայով միջազգային խորհրդաժողովին այսօր միջազգային կառույցների ներկայացուցիչների մտահոգությունները հիմնականում պայմանավորված էին պետական հիմնարկներում առկա կոռուպցիայով եւ բիզնես շահերի բախմամբ: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անտոնի Պյոտր Սվիտալսկու խոսքերով՝ «մի երկրում, որի ԱԺ-ում այդքան բարգավաճում են  բիզնեսները, իսկ կառավարությունում կա այդքան հարուստ մարդ, շահերի բախումն ավելի կարեւոր է դառնում»: Իսկ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նկատում է՝ կոռուպցիան ազդում է նաեւ ներդրումների վրա. «Թափանցիկությունը պետք է ավելացվի հատկապես ԱԺ անդամների, կառավարության եւ պետական այլ պաշտոնյաների բիզնես գործունեության մեջ: Նրանց գույքի հայտարարագրումը լավ քայլ է պաշտոնյաների կողմից»: Այս պահին ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը քննում է ՀՀԿ 5 եւ ԲՀԿ 2 պատգամավորի վարքագիծը, որոնք քվեարկել են բացակաների փոխարեն, ինչպես նաեւ՝ ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի պահվածքը, որը վիրավորել է մի քաղաքացու: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը նկատում է՝ հատկապես քաղաքական գործիչները պետք է մտահոգված լինեն հասարակական կարծիքով. «Նրանք ընտրվում են բնակչության կողմից ու պետք է կարողանան այնպիսի վարկանիշ ձեւավորել, որ հետագա ընտրություններին ընտրողները ցանկություն ունենան իրենց քվեն տալ ու կրկին այդ մարդկանց տեսնել ԱԺ-ում»: Սիրանուշ Սահակյանը հիշեցնում է՝ կան երկրներ, որտեղ Էթիկայի հանձնաժողովի որոշումները մեծ ազդեցություն են թողնում պատգամավորի հետագա ամբողջ կարիերայի վրա: Նա հույս հայտնեց, որ մեր հանձնաժողովի պարագայում շուտով եւս այդպես կլինի: