Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դաբաղի հետևանքով ևս երկու երկիր հրաժարվել է Հայաստանից գյուղմթերք ներմուծել (տեսանյութ)

Քաղաքականություն
dabax

Արմավիրի մարզի Արազափ համայնքում երեք կենդանու մոտ հաստատվել է դաբաղ տեսակի հիվանդությունը: Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը: «Հիվանդությունը բուժում չունի, կա միայն կանխարգելում: Այժմ այդ կանխարգելիչ միջոցառումներն են արվում: Մենք դիմել ենք ՌԴ, որպեսզի պատվաստանյութ տրամադրեն: Այն նոր պետք է արտադրվի, այդ իսկ պատճառով մոտավորապես մարտ ամսին կհասնի մեզ»,-շեշտեց նա: ՍԱՊԾ պաշտոնյան ևս մեկ անգամ հաստատեց, որ ժամանակավորապես արգելվել է կենդանիների, մսի և ենթամթերքի արտահանումը Ռուսաստան: Կենդանիների մոտ հնարավոր հիվանդության մասին կասկածները դեկտեմբերի վերջին են եղել, կատարվել է նմուշառում և հունվարի կեսին հաստատվել է հիվանդության առկայությունը: Դեռևս երկու խոզի և մեկ կովի մոտ է այն առկա: Պարոն Մկրտչյանը վստահեցրեց, որ այլ դեպք չկա: Կենդանիներին այս դեպքում այրում են: Դաբաղն օդակաթիլային եղանակով տարածվող հիվանդություն է: ՍԱՊԾ ներկայացուցչի խոսքով՝ այն Թուրքիայից է մեզ մոտ հասել, քանի որ նոյեմբերին այնտեղ դաբաղի շատ դեպքեր են արձանագրվել: Հարցին, թե ինչ ձևով է այստեղ հասել, նա նշեց. «Թուրքիայից օդով եկավ Հայաստան»: Նախօրեին Բաբկեն Պիպոյանն այս թեմայով խոսելիս նշել էր, որ ազգային ողբերգություն է նման դեպքի մասին այլ երկրից տեղեկանալը: Պարոն Մկրտչյանը շեշտեց. «Մենք այլ երկրից չենք տեղեկացել և սա ազգային ողբերգություն չի, ինչպես ոմանք ասում են»: Նա կարծում է նաև, որ շատերն իրավունք չունեն մասնագիտական վերլուծություն անել դաբաղի այս դեպքի վերաբերյալ: «Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե Բաբկեն Պիպոյանը չունի՞ համապատասխան մասնագիտական ընդունակություններ, որ խոսի այդ մասին, նա նշեց. «Այո, Բաբկեն Պիպոյանը չունի մասնագիտական ընդունակություններ, որ վերլուծություն անի: Դրա համար մասնագետները երկար տարիներ սովորում են»: Պարոն Մկրտչյանը նաև շեշտեց, որ այս խոսակցությունները խոչընդոտում են արտահանմանը: «Երկու երկիր երեկ հրաժարվեցին ընդունել մեր մսամթերքը: Խուճապ առաջացնելու անհրաժեշտություն չկա. դրանից ավելի շատ տուժում են մեր ընկերությունները»: