Վահան Շիրխանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպանների բողոքը՝ նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը, Վահան Շիրխանյանին առաջադրված խափանման միջոցը անհիմն է եւ պաշտպաններն առաջարկել էին որպես այլընտրանքային միջոց կիրառել գրավ, սակայն դատարանը հաշվի չի առել: Կբողոքարկվի որոշումը Վճռաբեկ դատարանում, դեռ պարզ չէ: Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ: Պաշտպանն ահազանգում է. Վահան Շիրխանյանը առողջական լուրջ խնդիրներ ունի եւ ամեն պահ հնարավոր են սրացումներ: Ի դեպ, դեկտեմբերի 19-ից կալանավորված Պաշտպանության նախկին փոխնախարարը ձերբակալվելիս, որպես մեղադրյալ, միայն մեկ անգամ է հարցաքննության ենթարկվել, այլ քննչական գործողություններ մինչ այս պահը տեղի չեն ունեցել: