Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ակտիվիստներից եմ վախեցել, դրա համար գիշերով քանդեցի» (տեսանյութ)

Հասարակություն
avo

Ինչո՞ւ ապամոնտաժվեց Արամի 30 հասցեի շենքը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կառուցապատող Ավո Կարագուլյանը նախ հայտարարեց, որ ինքն արդեն տասներկու տարի է՝ ապրում է ՀՀ-ում, ապա՝ հայտարարեց, որ ինքը չգիտեր, որ Արամի 30 հասցեի շենքը հուշարձան է. «Ես պիտի շինություն կառուցեի: Ես այստեղ շահ չունեմ, այդ տարածքում ընդամենը քաղաքային ճանապարհ պետք է լինի: Այդ տարածքը հանրային գերակա շահ է հռչակվել: Կառուցապատում իրականացնելու իրավունք ստացել է 2004թ. քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից: Նախապես ունեին այդ նախագիծը: Ես մինչ օրս այդտեղ կառուցապատում չէի արել, քանի որ չէի իրացրել այդ տարածքը, միայն 2010-11թթ. իրացրեցի ու այդ բաժինը վերցրի: Ինձնով չի սկսվել այս խնդիրը: Ես սպասեցի երկու-երեք տարի, մեկը չասաց, որ Արամի 30 հասցեի շենքը հուշարձան է, հնություն է»: Իսկ թե ինչու էր գիշերով քանդել շենքը, պարոն Կարագուլյանն անկեղծ պատասխանեց. «Ակտիվիստներից եմ վախեցել, նրանց բողոքից, դրա համար գիշերով քանդեցի»: Արդյոք նա չէ՞ր կարող հրաժարվել այդ նախագծից, նա պատասխանեց. «Դա իմ իրավասության մեջ չէր մտնում՝ հրաժարվելը: Արամի 30 հասցեի այդ տարածքի համար ես վճարել եմ հինգ հարյուր հազար դոլար, դա շատ վաղուց էր, կոնկրետ չեմ հիշում»: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լեւոն Սարգսյանի հետ մտերմությանն ու այն լուրերին, որ հենց նրա հետ համագործակցությամբ է Ավո Կարագուլյանը Աբովյան փողոցում իրականացնում կառուցապատում, վերջինս ասաց. «Երբ Լեւոն Սարգսյանը հյուպատոս էր Հալեպում, ես մի գործ էի տվել իրեն, ապա՝ ես իրեն դիմեցի, գրավոր դիմեցի, քանի որ մի դատավարություն ունեի ՀՀ-ում՝ ընդդեմ Մելիք Գասպարյանի, ու նա ինձ օգնեց: Իսկ տարածքների հետ կապված ես իր հետ որեւէ համագործակցություն չունեմ»: Ի դեպ, նա տեղեկացրեց, որ Արամի 30 հասցեի շենքի դիմացի շենքն էլ է քանդվելու, եւ ընդհանրապես, իրեն տրված նախագծով քանդվելու են Նալբանդյան, Արամի, Աբովյանի փողոցների հարակից տարածքները, Ազգային պատկերասրահը՝ որպես քանդման ենթակա կառույց, չի ներառված: Լրագրողների հետ հանդիպմանը եկած Արամի 30 հասցեի շինարարության նախագծի հեղինակ, ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանի կարծիքով՝ Արամի փողոցը նեղ, առվակի նման փողոց է եւ պետք է քանդվի՝ մայրաքաղաքի տրանսպորտային երակները թեթեւացնելու համար, մայթը լայնացնելու, մարդկանց հանգիստ տեղաշարժը ապահովելու համար. «Պետք էր այդ շենքը ապամոնտաժել, տարածքը վերադարձնել քաղաքին»: Մեր այն հարցին, որ Եվրոպայում սրտացավորեն են վերաբերվում իրենց հին, նեղլիկ փողոցներին, ճարտարապետը  կրկնեց իր խոսքերը. «Տրանսպորտը գերհագեցած է, դրա դեմն առնել չեմ կարող, տրանսպորտը խեղդել է Երեւանը,  այն դարձել է  տրանսպորտային քաղաք, հետիոտին ոչինչ չի թողնվել: Ձեր ասածը չպետք է դոկումենտ դարձնել: Այդ հարցով հանրային քննարկումներ են եղել: Այդ տարածքը պետք է բարեկարգվի քաղաքի համար»: Արդյոք ճարտարապետ Ալեքսանյանի սիրտը չի՞ ցավում, երբ քայլ առ քայլ քանդում են Երեւանը. «Ցանկացած քար, որ դրվել է իմ նախորդների կողմից, ինձ համար թանկ է ու արժեք ունի: Ես ցավում եմ Երեւանի հարկայնության բարձրացման համար, խտացել է Երեւանի կենտրոնը»: Ի դեպ, Արամի 30 հասցեի հարակից տարածքում կառուցվելու է ութ հարկանի «սեղմ» շենք: Ես իմ սերունդների առաջ շատ հանգիստ եմ լինելու, իմ խիղճը հանգիստ է»: ashot alexanyan