Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Հ. Կյուրեղյանի գործը մակագրվել է Վճռաբեկի դատավորին, Գ. Սաֆարյանը հացադուլ է սկսել

Քաղաքականություն
bant

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց 2014 թ հունիսի 12-ին օդամղիչ ատրճանակից կրակած եւ 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի գործով Վճռաբեկ բողոքը մակագրվել է Արթուր Պողոսյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական կայքից: Հայկ Կյուրեղյանը Վճռաբեկ բողոքում պահանջում է վերացնել իր իրավունքների խախտումները եւ կայացնել գործն ըստ էության լուծող նոր դատական ակտ: Հիշեցնենք, որ արդեն 8 օր է Հայկ Կյուրեղյանը հացադուլ եւ 4 օր է ջրադուլ է հայտարարել, նրա  առողջական վիճակը լավ չէ: Նա պահանջում է, որ հացադուլը դադարեցնելուց հետո իրեն տեղափոխեն ոչ թե այլ դատապարտյալների հետ գտնվող խուց, այլ առանձին: Նախորդ անգամ էլ Հայկ Կյուրեղյանը 27 օր էր հացադուլ հայտարարել՝ պահանջելով իրեն տեղափոխել առանձին խուց՝ բուժման նպատակով: Նա ՔԿՀ-ում ձեռք է բերել հիվանդություններ՝ ծխի նկատմամբ ալերգիա եւ խրոնիկական հազ: Ի դեպ, երեկվանից հացադուլ է սկսել հունվարի 3-ից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանը: Նա պահանջում է իրեն տեղափոխել այն խուց, որ համեմատաբար ավելի ապահով է: Գեւորգ Սաֆարյանը մի քանի օր առաջ կրկին հացադուլ էր հայտարարել, սակայն դադարեցրել էր այն, քանի որ հացադուլավորների պատժախցում, ըստ Գեւորգ Սաֆարյանի, հայտնվել էին քրեական հեղինակություններ եւ ճնշումներ գործադրել իր  նկատմամբ: