Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր պատվաստանյութ՝ ՌԴ-ից

Տնտեսություն
ssfs

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հունվարի 20-ին հանդիպել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գիտատեխնիկական փոխգործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են կենդանիների սուր վարակիչ հիվանդությունների տարածման դեմ պայքարի հարցում ջանքերը համախմբելու անհրաժեշտության ու արդյունավետության մասին: Մասնավորապես՝ այս նպատակով Դաշնային ծառայության ենթակայության տակ գտնվող Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնը Հայաստանի Հանրապետության պատվերով առաջիկայում կարտադրի կենդանիների դաբաղ հիվանդության կանխարգելմանն ուղղված պատվաստանյութ, որը կպարունակի նաև դաբաղի վիրուսի դեմ պայքարող նոր՝ AG-VII շճատեսակ: Իսկ այս շճատեսակի առկայությունն այսօր արդիական խնդիր է Հայաստանի համար, քանի որ հարևան երկրներում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում և Թուրքիայի Հանրապետությունում, վերջերս պարբերաբար գրանցվել են տվյալ շճատեսակով դաբաղ հիվանդության դեպքեր: Մինչև այսօր հանրապետությունում օգտագործվող պատվաստանյութը հնարավորություն չէր ընձեռնի կենդանիների մոտ ստանալ պատշաճ վարակամերժություն: Արմեն Հայրապետյանը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում հատկացված ֆինանսական աջակցության միջոցներով արդեն իսկ որոշակիորեն վերազինվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լաբորատորիան, որը հնարավորություն կտա ապահովել սննդամթերքի և բիոլոգիական անվտանգության նոր մակարդակ հանրապետությունում: Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ առաջիկա օրերին երկու ծառայությունների համագործակցության հեռանկարները և արդիական այլ հարցեր քննարկելու նպատակով Հայաստան կժամանի ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Վլասովը: Գործընկերները քննարկել են նաև երկկողմ համագործակցության ընթացիկ հարցեր՝ անդրադառնալով պարենամթերքի ներմուծմանն ու արտահանմանը, ինչպես նաև խոսվել է միասնական տեղեկատվական համակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին, որը հնարավորություն կընձեռի ապահովել ապրանքների ամբողջական հետագծելիությունը ԵԱՏՄ տարածքում և կուժեղացնի վերահսկողությունը ոլորտում: Սննդի անվտանգության պետական ծառայություն