Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վտանգավոր հանցագործ. ինչպե՞ս որոշել (տեսանյութ)

Քաղաքականություն
bant

Արդյո՞ք վտանգավոր հանցագործություն կատարած անձը պետք է պարտադիր ազատազրկվի, թե՞ հնարավոր է նրա նկատմամբ խափանման այլ միջոց կիրառել: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն անդամ պետությունների արդարադատական մարմիններին առաջարկում է յուրաքանչյուր քրեական գործին առանձին  մոտեցում դրսեւորել։ Վտանգավոր հանցագործությունների փորձագիտական խմբի անդամ Ռոբերտ Բուժման նշում է. «Պետք է հանցագործության վտանգավորությունը հստակեցվի: Արդարադատության մարմինները պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերեն  սեռական հանցագործություններ, սպանություններ կամ ահաբեկչություն կատարած անձանց նկատմամբ»: Եվրոպայի  խորհուրդը  Երեւանում  միջազգային սեմինար էր կազմակերպել՝  ոլորտի ներկայացուցիչներին եվրոպական  ուղեցույցը ներկայացնելու համար։    Փաստաթղթում հաշվի են առնվել  Եվրադատարանի  վերջին՝ նախադեպային որոշումները: «Շատ երկրներում կան այնպիսի մեխանիզմներ, երբ նույնիսկ ցածր վտանգավորության դեպքում մարդիկ անհամարժեք պատիժների կամ կալանքի առավելագույն ժամկետի են արժանանում: Մեր նպատակն է՝ առաջարկել  մեխանիզմներ՝ նման դեպքերում արդարացի մոտեցում ցուցաբերելու համար»,- ասում է Ռոբերտ Բուժման: Վտանգավոր հանցագործությունների փորձագիտական խմբի անդամը հիշեցնում  է՝ ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է: Օրենքներ մշակելիս պետք է հաշվի առնել, թե գործնականում այն որքան է ռիսկային: Կառլոս Մարիա Ռոմեո Կասաբոնան նշում է. «Անձն անհարկի պետք է չազատազրկվի, դա մարդու հիմնարար իրավունք է, սակայն դրա հաշվին էլ հասարակությունը պետք է չվտանգվի: Հանցագործին ազատության մեջ թողնելով՝ պետք է բացառվի կրկնահանցագործության կատարումը»: Հայաստանն արդեն իր օրենսդրությունը համապատասխանեցնում է Եվրոպայի խորհրդի առաջարկած սկզբունքներին: Քրեական նոր օրենսգրքի նախագիծը դեռ Ազգային ժողովում է և համապատասխան փոփոխություններ արդեն արված են: «Գործնականում՝ կալանավորում կամ այլ խափանման միջոց կիրառելու համար քրեական դատավարության օրենսգրքի նորմերի համաձայն մենք տարբեր այլընտրանքային միջոցներ ենք կիրառելու՝ ազատությունից զրկելը դարձնելով բացառիկ միջոց»,- ասում է ՀՀ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը: Երևանում անցկացվող Վտանգավոր հանցագործությունների վերաբերյալ սեմինարին մասնակցում է Եվրոպայի խորհրդի անդամ 16 երկրի պատվիրակ: