Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավետիսյանների գործով դատավորն ինքնաբացարկ չհայտնեց. հաջորդ նիստը՝ հունվարի 22-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
permyakov

17.10 Դատավոր Հարություն Մովսեսյանը մերժեց տուժողների իրավահաջորդների միջնորդությունը՝ իրեն և դատախազին բացարկ հայտնելու մասին: Դատավորը իր այդ որոշումը հիմնավորեց այն պատճառաբանությամբ, որ դատավորը ինքնաբացարկ է հայտնում այն պարագայում, երբ նա գտնվում է այնպիսի պայմաններում, որ կարող է խոչընդոտ հանդիսանալ արդար դատավճիռ կայացնելու համար, իսկ այս դեպքում դա բացակայում է: Տուժողների իրավահաջորդներն այլ միջնորդություններ չունեին: Ավետիսյանների գործով հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 22-ին, ժամը 12.00-ին։ 15.30 Խորհրդակցական սենյակից դատավոր Հարություն Մովսեսյանի վերադառնալուց հետո տուժողների ներկայացուցիչների շահերի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը հայտարարեց, որ դատավորի կողմից առկա է կանխակալ վերաբերմունք տուժողների հարազատների նկատմամբ: Դա, ըստ պարոն Սաքունցի, երևացել է դատավոր Հարությունյանի կայացրած որոշումներից, միջնորդություններ ներկայացնելուց հետո անընդհատ խորհրդակցական սենյակ գնալով: Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ նշեց, որ դատավորը չի կարող անկողմնակալ լինել, քանի որ վերջինս դատական նիստն անցկացնում է քրեական դատավարության օրենսգրքի խախտումներով, նրա վրա ազդում է հանգամանքը, որ դատավարությունն անցկացվում է ռուսական ռազմաբազայի տարածքում: Այս ամենը, ըստ փաստաբան Սահակյանի, խոսում է դատավոր Մովսեսյանի կաշկանդվածության մասին: Դատավորին բացարկ հայտնելու տուժողների պաշտպանների միջնորդությանը չառարկեց նաև Վալերի Պերմյակովը: Որոշում կայացնելու համար դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ: 14.  29. Դատավոր Հարություն Մովսեսյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հայտարարեց, որ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը հիմնավոր չէ: Արթուր Սաքունցը ժամանակ խնդրեց դատավորից՝ պատրաստվելու նրան և դատարանին բացարկ հայտնելու համար:  Դատավորը 30 րոպե ընդմիջում հայտարարեց: Պերմյակովը համաձայն է դատը ռազմաբազայից դուրս անցկացնել 13. 35.  Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում ընթացող Վալերի Պերմյակովի դատավարության սկզբում Ավետիսյանների հարազատների շահերի ներկայացուցիչները միջնորդեցին դատավոր Հարություն Մովսեսյանին՝ դատական նիստն անցկացնել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում: «Նախորդ դատական նիստը ցույց տվեց, որ դատական նիստին պատշաճ պայմաններ չեն ապահովվում պաշտպանների համար՝ աշխատելու, ինչպես նաև դատավարության մասնակցել ցանկացող քաղաքացիների համար: Պերմյակովը նաև հնարավորություն չունի պատշաճ խորհրդակցել իր պաշտպանների հետ, նախորդ դատական նիստին նրա պատասխանները լսելի չէին մեզ համար, ինչը Եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտում է: ՌԴ ռազմաբազայում դատաքննություն անցկացնելով՝ դատարանը նպաստում է ոչ արդյունավետ քննության անցկացմանը. Պերմյակովը կաշկանդված է ռազմաբազայի տարածքում իրականությանը համապատասխանող ցուցմունքներ տալ»,- նշեց Արթուր Սաքունցը: Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունի ապահովել բավարար պայմաններ՝ նորմալ շենքում նիստն անցկացնելու. «Այդ դեպքում Պերմյակովը հնարավորություն կունենա նորմալ ցուցմունքներ տալ: Ձեր որոշումն է այստեղ նիստ անցկացնել՝ գնահատում ենք արհամարհանք ՀՀ արդարադատության համակարգին: Միջնորդում ենք գործի քննությունն անցկացնել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում»: Ավետիսյանների շահերի ներկայացուցիչներն ու իրավահաջորդները ևս միացան միջնորդությանը: Դատարանն արված միջնորդության վերաբերյալ պարզեց նաև Վալերի Պերմյակովի տեսակետը: «Ինձ համար որևէ տարբերություն չկա»,- հայտարարեց նա: Դատարանն այս պահին խորհրդակցական սենյակում է՝ քննարկելու միջնորդությունը: