Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մամիկոն Խոջոյանի գործը՝  Եվրադատարանի վարույթում

Քաղաքականություն
Mamikon-Xojoyan

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել 2014 թվականին Ադրբեջանի կողմից  գերեվարված, ազատ արձակվելուց մի քանի ամիս հետո մահացած Մամիկոն Խոջոյանի խոշտանգման եւ նրա նկատմամբ վատ վերաբերմունքի գործը եւ հարցեր ուղարկել Ադրբեջանի կառավարությանը: Գործի հայցվորները Խոջոյանի երեք զավակներն են։ Այդ մասին  տեղեկացրել է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը։ Հայաստանի քաղաքացի 77-ամյա Մամիկոն Խոջոյանը  պատահաբար հատել էր Ադրբեջանի սահմանագիծը 2014 թվականին ու այնտեղ պահվել ավելի քան մեկ ամիս. այդ ընթացքում նա, ազգային եւ կրոնական ատելության դրդապատճառներից ելնելով, ենթարկվել է խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի մի խումբ անհայտ անձանց կողմից: Նա մահացել է Հայաստանի իշխանություններին հանձնվելուց եւ տուն վերադառնալուց երկու ամիս անց: Հայցվորները բողոքում են, որ իրենց հայրը ենթարկվել է ֆիզիկական բռնության ու նվաստացուցիչ վերաբերմունքի, եւ որ անազատության մեջ գտնվելու ընթացքում նրան ներարկել են դեղեր, որոնք պարունակել են անձի մոտ տառապանք առաջացնող նյութեր, որոնք վտանգ են ներկայացրել նրա կյանքի համար, լրջորեն խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 2-րդ եւ 3-րդ հոդվածները: Նրանք պնդում են, որ այս գործողությունները, ի վերջո, հանգեցրել են Խոջոյանի մահվան: Նրանք նաեւ պնդում են, որ խախտվել են երկու հոդվածների ընթացակարգային հիմնահարցերը, քանի որ Ադրբեջանի կողմից չի իրականացվել Խոջոյանի կալանավորման եւ նրա նկատմամբ վերաբերմունքի հանգամանքների քննություն: Ինչ վերաբերում է իրենց հոգեկան տառապանքներին, նրանք պնդում են, որ իրենց հոր վնասվածքները ինչպես անազատության մեջ գտնվելու ժամանակ, այնպես էլ ազատ արձակվելուց հետո, հեռուստատեսությամբ եւ ինտերնետով տեսնելը պարունակում է 3-րդ հոդվածի եւս մեկ խախտում: Խոջոյանի երեխաները պնդում են, որ իրենց ծեր հայրը անօրինաբար է զրկվել ազատությունից իր 5-շաբաթյա ազատազրկման ընթացքում, եւ նրան չեն տեղեկացրել, թե ինչու է պահվում անազատության մեջ, ոչ էլ դատարանի առջեւ է կանգնել: Կապված սրա եւ վերը նշված խախտումների հետ, նրանք գտնում են, որ իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոց չեն ունեցել, որը խախտում է ՄԻԵԿ 13-րդ հոդվածը: Նրանք պնդում են, որ իրենց իրավունքները եւ իրենց հոր իրավունքները ոտնահարվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից նրա հայկական էթնիկ ծագման պատճառով, որը խտրականության արգելման խախտում է (ՄԻԵԿ 14-րդ հոդված): Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանի դատարանի հարցերին մինչեւ 2016 թվականի մարտի 8-ը: