Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տիգրան Սարգսյանը նախ պետք է մաքրի իրեն, հետո նոր պաշտոն տան» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
PAYLAK

Գործարար Փայլակ Հայրապետյանը չի հավատում, որ օֆշորի գործով կալանավորված Աշոտ Սուքիասյանը կեղծել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունները. «Եթե այդպես է, թող Կճոյանը, Սարգսյանը գան այստեղ կամ այն ստորագրությունները, որ այնտեղ դրված են 100 անգամ դիմում ենք գրել, 100 անգամ ասել ենք, թող ստորագրության օրինակները ճշտեն: Ստորագրություն ճշտելը մեծ բա՞ն է այսօրվա համար, եթե մեծ բան է, ես կֆինանսավորեմ այդ երկու հարյուր դոլարը»,- այսօր «Ա1+»ին ասաց Փայլակ Հայրապետյանը։ Օֆշորային գործով տուժող Փայլակ Հայրապետյանը պնդում է՝ եթե Հայաստանում օրենքը գործեր, ապա գոնե դատարանում նրանք պետք է ցուցմունք տային. «Վարչապետն էլ պիտի գա, Կճոյանն էլ պիտի գա, եթե մի ուրիշ մարդ էլ կա, նա էլ պետք է գա, եթե օրենքը գործի: Եթե օրենքը չգործի, ուրեմն՝ չեն գա: Մինչեւ այսօր նրանք ոնց որ թքած ունենան օրենքի վրա էլ, մեզ վրա էլ»։ Ունեզրկված Փայլակ Հայրապետյանը չի հասկանում նաեւ, թե այս դատական քաշքշուկի ընթացքում ինչպես են Տիգրան Սարգսյանին վստահում ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը: «Գտնում եմ, որ նա նախ պետք է մաքրի իրեն, հետո նոր պաշտոն տան, նախ պետք է մաքրվի: Եթե ուզում է պաշտոն ունենալ, թող գա այստեղ իր հարցերը լուծի»,- ասում է Փայլակ Հայրապետյանը։ Հայաստանում ադամանդագործության բիզնես սկսելու համար Փայլակ Հայրապետյանը իր ողջ ունեցվածքը տվել է Աշոտ Սուքիասյանին եւ հասել է սնանկացման եզրին: Գործով դատական նիստը, սակայն, շատ կարճ տեւեց: Գործով դատախազը չէր ներկայացել դատարան, թեեւ պատշաճ ծանուցվել էր: Դատավորը դատական նիստը հետաձգեց մինչեւ հունվարի 21-ը: Ի դեպ, Աշոտ Սուքիասյանին ուղեկցող ոստիկանները պաշտպանիչ դիմակներով էին: