Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրից հեռանում է նաև սոցիալապես ապահով խավը. ուսումնասիրություն

Հասարակություն
354076a3c8fc1e6d994ca6ebf6e05fc0

«Հայաստանում չկա ձեռք բերված մասնագիտությանը համապատասխան աշխատանք եւ եկամուտ, ինչը մարդ ակնկալում էր, երբ ցանկանում էր կրթություն ստանալ». «Մարդը կարիքի մեջ» հայաստանյան կազմակերպության թրաֆիքինգի եւ միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Բեժանյանի խոսքով՝ միգրացիայի դիմելու հիմնական, սակայն ոչ միակ պատճառը մնում է սոցիալական վիճակի ցածր մակարդակը: «Մարդիկ երեխաների համար ապագա չեն տեսնում այստեղ: Կրթության չգոհացնող որակի պատճառով ուզում են գնալ արտերկիր, որպեսզի երեխաները ավելի լավ կրթություն ստանան: Գնում են արտերկիր եւ չեն վերադառնում, քանի որ նրանք չեն կարող ակնկալել կրթության ծախսերին համարժեք աշխատավարձ: Բժիշկները երկար տարիներ սովորում են, մենք նրանց ընդամենը 100.000 դրամ ենք տալիս: Եթե նրանք դրսում ունեն լավ առաջարկ, ինչու պետք է մնան այստեղ»: Նա ցավալիորեն նշում է, որ այժմ արտագաղթում են նաեւ կայացած, լավ վարձատրվող մարդիկ. մի երեւույթ, որը, ըստ նրա, լուրջ անհանգստության տեղիք է տալիս. «Եկամուտ ունեն, սակայն չունեն ինչ-որ բան փոխելու որեւէ ակնկալիք, դժգոհ են հայաստանյան իրականությունից, իրենց լավ չեն զգում մի միջավայրում, որտեղ բացակայում է արդարությունը: Եթե մի ժամանակ հիմնականում արտագաղթում էր ոչ բարձր մասնագիտական գիտելիքներ ունեցող խավը, ապա այժմ գնում են նաեւ սոցիալապես ապահովված անձինք: Սա վերջերս կարծես նոր տենդենց է դարձել»: Միգրացիոն տեղաշարժի մեջ արտագաղթը մնում է գերակշռող դիրքերում, սակայն ըստ տիկին Բեժանյանի՝ անգամ ներգաղթի դեպքում Հայաստանը չի կարող զերծ մնալ մի շարք խնդիրներից: «Անգամ եթե մենք սիրիահայերին ենք ընդունում, մենք դրան պատրաստ չենք, քանի որ դրանով մեր խնդիրները չեն լուծվում, այլ ընդհակառակը, ավելանում են: Մենք նրանց կացարան տրամադրելու հնարավորություն չունենք, անգամ Բաքվի փախստականների հարցը արդեն մոտ 30 տարի է՝ չենք կարողանում վերջնականապես լուծել: Երկրի քաղաքացիների աշխատանքի հարցը չլուծած՝ վերադարձողների հարցով չենք կարող զբաղվել»: Տաթեւիկ Բեժանյանը կարծում է, որ աշխատանքի հետ կապված խնդիրը որոշ մասնագիտությունների քանակական առավելությունն է մյուս մասնագիտությունների նկատմամբ: «Վերջերս մեր իրականացրած՝ աշխատանքային դաշտի բացերի ուսումնասիրության արդյունքում տեսանք, որ որոշ մասնագիտությունների գծով ունենք ավելցուկ, իսկ որոշ ոլորտներում մասնագետներ ընդհանրապես չունենք: Պետությունը չի պատվիրակում՝ ինչ մասնագիտությունների կարիք կա: Մենք ունենք շատ իրավաբաններ, սակայն չունենք, օրինակ, զոդողներ, այսինքն` միջին մասնագիտական կրթությունը շատ լուրջ բաց ունի: Տնտեսությունը եւ կրթությունը պետք է զուգահեռ գործեն, մեզ մոտ բոլոր ոլորտները առանձին են գործում, այդ իսկ պատճառով էլ ունենք այսպիսի խնդիր»: Իսկ այն հարցին, թե որը կարող է լինել վերոնշյալ խնդիրների, հետեւաբար արտագաղթի նվազեցման հնարավոր լուծումը, նա պատասխանեց. «Կոնկրետ Հայաստանում չկա մրցակցային տնտեսություն, մեզ մոտ ամեն ինչ ոլորտային է, օլիգարխիկ, փոքր եւ միջին ձեռնարկատիրությունները անկում են ապրում: Մարդիկ ներդրումներ են կատարում, վարկեր վերցնում, հետո էլ մնում են վարկի տակ, քանի որ առաջին օրվանից սկսում են խոշոր հարկեր վճարել: Եթե ունենանք ազատ շուկայական հարաբերություններ, մրցակցային տնտեսություն, մի փոքր աջակցություն պետությունից, ինչպես նաեւ գոնե 50% արդարություն դատարաններում եւ ընտրություններում, շատ բաներ կփոխվեն մեր կյանքում, նամանավանդ, որ Հայաստանի թե՛ ընդերքի, թե՛ մտավոր եւ մարդկային ռեսուրսները լիովին բավարար են դրա համար»: