Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դասընթաց՝ մայրերի համար. ԵՄ-ն տրամադրել է 190 000 եվրո

Հասարակություն
eu

Դեկտեմբերի 22-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը «Ձեզ սպասվում է մեծ ապագա» ծրագրի շրջանակում Մասիսի բժշկական կենտրոնում կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Մարդու իրավունքների միջազգային օրվան: Միջոցառման ընթացքում 0-3 տարեկան երեխաներ ունեցող մայրերի համար անցկացվեց մարդու, հատկապես կանանց և երեխաների իրավունքների ամրապնդմանն ուղղված դասընթաց:   Այս անգամ դասընթացավարը իրավաբան Գարիկ Սահակյանն էր, ով հանգամանորեն անդրադարձավ երեխաների իրավունքների պաշտպանությանը ընտանիքում, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ընդունված երեխաների իրավունքներին, երեխաների պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքին, երեխաներին դաստիարակելու հարցում ծնողների հավասար իրավունքներին: Քաղաքային և մարզային բնակչության համար նախատեսված այս երկամյա կրթական ծրագրի  նպատակն է նպաստել մարդու, հատկապես կանանց և երեխաների իրավունքների ամրապնդմանը: Ծրագիրը հնարավորություն է տալիս բարձրացնելու կանանց իրազեկությունը իրենց իրավունքների և հնարավորությունների վերաբերյալ, բարձրացնելու բռնության դեմ պայքարելու նրանց ունակությունը: «Ձեզ սպասվում է մեծ ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից 190 000 եվրոյով (102 220 000 ՀՀ դրամ) և իրականացվում է «Շվեդական ապավեն բժշկական ասոցիացիա» և «Վստահություն» առողջապահական հկ-ների կողմից: Այս երկամյա ծրագիրը մեկնարկել է 2015թ. հունիս ամսին: Մեկնարկից մինչ այսօր կազմակերպվել է 223 դասընթաց, որոնց մասնակցել են 770 մայրիկներ, 455 դեռահասներ, 293 հղի կանայք և 181 տարեցներ: Ծրագրի համակարգող Սուսաննա Հարությունյանը նշեց, որ այսպիսի դասընթացների անհրաժեշտություն կար. «Սա լուրջ առաջընթաց է: Ծրագրի շրջանակներում ստեղծվել է իրավունքների պաշտպանության նոր հայեցակարգ և թվով յոթ շրջանային պոլիկլինիկաներում հիմնվել են ընտանեկան կենտրոններ Հրազդանում, Չարենցավանում, Աբովյանում, Աշտարակում, Վաղարշապատում, Վեդիում և Մասիսում, որտեղ արդեն գործող հանդիպման սենյակները համալրվել են նաև խաղասենյակներով։ «Ընտանեկան կենտրոններն» այն վայրն են, որտեղ կանայք կարող են կարծիքներ փոխանակել, քննարկել իրենց կարիքները և մասնագետների աջակցությամբ լուծել իրենց խնդիրները։ Խաղասենյակներում երեխաները մեթոդաբան-մանկավարժների օգնությամբ կարող են խաղալ, զբաղվել նկարչությամբ, ձեռքի աշխատանքի տարբեր ձևերով, ինչպես նաև մասնակցել տարբեր սոցիալական միջոցառումների»,- նշեց տիկին Հարությունյանը: Խաղասենյակներից, որոնք վերանորոգվել և կահավորվել են ծրագրի աջակցությամբ, օգտվում են ոչ միայն դասընթացների մասնակից մայրիկների երեխաները, այլև հիվանդանոցներում  բուժվող երեխաները: Խաղասենյակները ծրագրի ավարտից հետո կշարունակեն գործել և մատուցել նույն ծառայությունները: