Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանը գնում է իր հատուկ նշանակության ուժերի հյուծման ճանապարհով» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arcrun

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ լավ լուր ունի՝ ԼՂՀ ՊԲ-ի տվյալներով՝ իրավիճակը շփման գծում այսօր բավականին հանգիստ է եղել. «Քիչ խախտումներ են եղել՝ մեկ-երկու տասնյակի հասնող հրադադարի ռեժիմի խախտման դեպերը ընթացիկ են ու առօրյա են համարվում»: Պարոն Հովհաննիսյանն անդրադարձավ վերջին օրերին շփման գծում առկա լարվածությանն ու ադրբեջանական դիվերսիոն գործողություններին՝ նշելով, որ այդ լարումները հիմնականում ունենում են քաղաքական դրդապատճառներ. «Դրանք կարող են լինել եւ Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպման, եւ Ադրբեջանի ներքաղաքական տարբեր զարգացումների հետեւանք, ինչպես նաեւ՝ հայ հանրության վրա ազդելու նպատակ ունենան»: Այն լուրերը, որ ադրբեջանական կողմից կա ավելի, քան տասնհինգ զոհ, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ միայն տարեվերջին կունենան զոհերի թվի մոտավոր պատկեր. «Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ադրբեջանական կողմից զոհերի թիվն անցնում է երկու հարյուրից: Վերջնական թվեր նշելը դժվար է, քանի որ պետք է տարբեր աղբյուրներից ամբողջականացնել։ Հակառակորդը իր հատուկ նշանակության ուժերի հյուծման ճանապարհով է գնում: Կարող եք նկատել, որ հակառակորդի մոտ շեշտակի նվազել են ժամկետային զինծառայողների զոհերը, եւ ավելացել են պայմանագրային ու սպայական զոհերը: Դա խոսում է այն մասին, որ հակառակորդը գնում է իր ոսկե ֆոնդի հյուծման ճանապարհով»: Նա նշեց, որ ՀՀ սահմանային դիրքերին ու գյուղերի ուղղությամբ վերջին շրջանում կրակոցներ քիչ են եղել: Ինչ վերաբերում է թշնամու կողմից տանկային արկակոծմանը, ապա ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ դա այնքան ազդու չէ, որքան հրետանին. «Խնդիրն այն է, որ տանկը առաջնագծում չի գտնվում, եւ այն հատուկ է բերվում դիրք: Ադրբեջանի կողմից էլ ավելի վատ էսկալացիա է տեղի ունեցել, երբ կիրառվել է «D30»: Ադրբեջանն այս տարի կիրառել է սպառազինության իր ամբողջ գամման. զինամթերքի տեսակ չկար, որ չկիրառվեց: Ի դեպ, պարտադիր չէ, որ հայկական կողմը նույն ռազմամթերքով պատասխանի. կարելի է տասը արկին մեկ արկով պատասխանել ու արդյունքն ավելի լավը ու դիպուկ լինի: Ու, ընդհանրապես, ճիշտ չէ նույն ռազմատեխնիկայով պատասխանելը»: Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ ռազմական գործողությունների արդյունավետությունը որոշվում է հակառակորդի նպատակադրության խափանմամբ. «Թշնամին ամեն անգամ փորձում է ավելի լուրջ բաներ անել, ռազմամթերքի օգտագործման տրամաչափը մեծացնել, սակայն ամեն անգամ նրան դա չի հաջողվում: Կանխարգելիչ միջոցների մասին փակագծերը չեմ կարող բացել»: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի արձագանքին սահմանային լարվածության վերաբերյալ, Արծրուն Հովհաննիսյանը դա քաղաքական հարց համարեց, որին պատասխանելը նա չի համարում իր լիազորությունը. «Սերժ Սարգսյանը երեկ մի փայլուն խոսք ասաց այդ մասին, իսկ ես կավելացնեմ, որ ՀԱՊԿ զարգացման ու կայացման փուլում ՀՀ ներդրումը չափազանց մեծ է»: Արծրուն Հովհաննիսյանին հարց ուղղվեց նաեւ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալության մասին, որին ի պատասխան նա ասաց. «Ես չեմ կարող մեկնաբանել դա. հարցը մեր իրավասություններից դուրս է: Վահան Շիրխանյանը վաղուց է եղել Պաշտպանության փոխնախարար, իսկ ապա՝ այլ գործունեությամբ է զբաղվել»: