Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեռարձակման ոլորտում նոր ներդրողի կարիք կա. փոխնախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
poxnaxarar

Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը չի կիսում լրագրողական իրավապաշտպան կազմակերպությունների այն մտահոգությունները, որ մարզերում մասնավոր մուլտիպլեքսի տեղադրումը կարող է հանգեցնել մենաշնորհացմանը. «Օրենսդրությամբ թույլատրվեց՝ եթե շուկայում հայտնվի այնպիսի ներդրող, որը մրցութային ընթացակարգով կստանա մասնավոր մուլտիպլեքսոր դառնալու լիցենզիա, ապա նա հանրապետության տարածքում կկարողանա կառուցել համանման կամ տեխնիկական այլ լուծումներով հագեցած մի ենթակառուցվածք, որով կապահովի սփռումը հանրապետության տարածքով»: ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով մարզային հեռուստաընկերությունները, որոնք թվային հեռարձակման մրցույթում չեն հաղթել, կշարունակեն դեռ գործել անալոգային հեռարձակմամբ, ինչպես նաեւ՝ կստեղծվեն մասնավոր մուլտիպլեքսներ: «Հնարավորինս փորձել ենք պահպանել դաշտում գործող բոլոր սուբյեկտների գործունեությունը՝ ընդ որում ավելի լիբերալ կանոններով»,- ընդգծեց Արթուր Առաքելյանը: Այն, որ մասնավոր մուլտիպլեքս չեն կարող տեղադրել ՓՄՁ-ները, այսինքն՝ դաշտն, ըստ էության, գտնվելու է խոշոր ձեռնարկատիրության ձեռքին, փոխնախարարը նորմալ է համարում. «Ի սկզբանե չէր էլ կարող ենթադրվել, որ մանր կամ միջին բիզնեսը կկարողանա այդ բարդագույն ենթակառուցվածքով հագեցած գործընթացներին մասնակից դառնալ: Այսօր տեխնիկական հնարավորություններն այնքան մեծ են, որ հեռարձակման հնարավորությունը ոչ միայն եթերով է պայմանավորված, այլև կա կաբելային հնարավորություն, ինտերնետով հեռարձակվելու հնարավորություն, որը ամեն ամիս ավելի մեծ պոտենցիալ է ստանում»: