Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Lուծվել է մարզային հեռուստատեսությունների հեռարձակման հարցը` 2016-ից չեն եթերազրկվի (տեսանյութ)

Քաղաքականություն
maruqyan

ԱԺ արտահերթ նիստում ընդունված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխություններով լուծվել է մարզային հետուստատեսությունների հեռարձակման հարցը: Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որը իր ելույթներում ու հրապարակումներում բազմիցս է բարձրաձայնել մարզային հեռուստատեսությունների խնդրի վերաբերյալ: Նրա խոսքերով՝ այս նախագծով խնդիրը լուծված է, եւ մարզային այն հեռուստատեսությունները, որոնք թվային հեռարձակման մրցույթում չեն հաղթել եւ ունեին անալոգային հեռարձակում, չեն եթերազրկվի, կգործեն իրենց լիցենզիաների շրջանակներում՝ մինչեւ 2020թ. անցկացվելիք նոր մրցույթ. «Եթե չընդունվեր այս նախագիծը, ապա մարզային նվազագույնը 10 հեռուստաընկերություն 2016թ. հունվարի մեկից այլեւս չէր գործելու»: Ինչ վերաբերում է մարզերում մասնավոր մուլտիպլեքսների ստեղծմանը, ապա Էդմոն Մարուքյանը կասկած հայտնեց՝ նշելով, որ հնարավոր է չստեղծվեն դրանք. «Շատ մեծ ներդրումներ պահանջող պայմաններ են: Լրագրողական իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ մենք շարունակելու ենք լոբբինգը, պայքարը, որ հնարավոր լինի ներդնել փոքր մուլտիպլեքս մասնավոր դաշտում, եւ հետագայում հնարավորություն լինի, որ այն ընկերությունները, որոնք մրցույթում չեն հաղթի, կարողանան մասնավոր մուլտիպլեքսի շնորհիվ հեռարձակվել»: