Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրխանյանը տակից գործող մարդ է». ՀԱԿ պատգամավորը չի բացառում գործչի մեղավորությունը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Sargsyan-Lyudmila1

ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն «Ա1+»-ի հետ զրույցում դժվարացավ գնահատական տալ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալությանը՝ հորդորելով սպասել իրավապահների գործողություններին։ Սակայն, այնուամենայնիվ, նա շեշտեց. «Այն, որ Շիրխանյանը տակից գործող մարդ է, ակնհայտ է։ Ես իրեն այդպիսին գիտեմ և ոչ միայն ես։ Սակայն մյուս կողմից մեղքեր վերագրել նրան՝ հաշվի առնելով տարիքը և առողջական վիճակը, սխալ կլինի իմ կողմից։ Կուզեի, որ հերքվեր դա, անկախ նրանից, թե ես ինչպես եմ իրեն վերաբերվում։ Եվ ցավալի կլինի, եթե հաստատվի, որ նա առնչություն է ունեցել հանցավոր այդ խմբի գործունեությանը»։ Տիկին Սարգսյանն ամենևին էլ չի բացառում, որ պարոն Շիրխանյանը կարող էր հանցավոր քայլերի դիմել. «Եվ եթե հաստատվի, չեմ բացառում, որ այլ մարդիկ էլ ձերբակալվեն, ովքեր գործել են իր հետ»։ Ինչպիսի՞ն են Վահան Շիրխանյանի հետ հարաբերությունները, ՀԱԿ պատգամավորը նշեց. «Սկզբում շատ լավ էին, մինչև որ ինքը կուսակցությունը պառակտեց։ Պառակտման այդ գործում ինքը հիմնական դերակատարն էր»։ Տիկին Սարգսյանը կարծում է, որ ներկա իրավիճակում ՍԴՀԿ-ն ի պաշտպանություն պարոն Շիրխանյանի կարտահայտվի այս հարցի շուրջ, քանի որ իր խոսքով՝ ժամանակին հանցագործ համաձայնության մեջ են եղել։ «Նրանք առավել քան կոռեկտ պետք է գտնվեն Վահան Շիրխանյանի նկատմամբ, քանի որ Նարեկ Գալստյանը երբեք ատենապետ չէր դառնա, եթե Վահան Շիրխանյանի գործոնը չլիներ»։ Սակայն գործիչը կարծում է, որ Նարեկ Գալստյանը փոխադարձաբար լավ չի վերաբերվել Վահան Շիրխանյանին, քանի որ եթե այդպես լիներ, հիմա պարոն Շիրխանյանը դեռևս կուսակցությունում կլիներ։ Հարցին, թե արդյո՞ք կարող էր սա քաղաքական պատվեր լինել, ՀԱԿ պատգամավորն ասաց. «Չեմ կարծում, քանի որ նա ակտիվ քաղաքականության մեջ չէ արդեն մի քանի տարի։ Նա շատ լավ գիտի մեր երկրի սոցիալական վիճակը, բանակի, սահմանի վիճակը և եթե հաշվի առնելով այդ ամենը, Շիրխանյանը նման քայլ է կատարել, ապա դա լուրջ վտանգ է ներկայացնում»։ Տիկին Սարգսյանը հավելեց նաև, որ եթե շարքային քաղաքացին է հանցավոր խմբում լինում, դա ուրիշ է, բայց եթե բանակի հետ առնչված մարդը ներգրավված լինի նման խմբում, դա արդեն բոլորովին այլ, շատ ավելի լուրջ խնդիր է։