Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեղադրյալին ստիպել են ցուցմունք տալ Արա Բուդաղյանի դեմ». փաստաբան (տեսանյութ)

Քաղաքականություն
hayk-alumyan

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորված Արա Բուդաղյանի դեմ նախաքննական մարմինը փորձում է ապօրինի կերպով ապացույցներ ձեռք բերել: Նրա պաշտպան Հայկ Ալումյանին տեղեկություններ են հասել, որ գործով կալանավորված Գարեն Աթաջանյանը Արա Բուդաղյանի դեմ ցուցմունքներ է տվել: «Մեղադրյալին ասում են՝ դու ցուցմունքվ տուր մյուս մեղադրյալի դեմ, մենք այնպես կանենք, որ օրինակ դատաբժշկական փորձաքննության եզրակացություն կստանանք, որ դու այլեւս չես կարող մնալ կալանքի տակ եւ քեզ կազատենք կալանքից: Սա իհարկե ակնհայտ անօրինական տեխնոլոգիա է եւ ես հիմքեր ունեմ ասելու, որ այս պահին այդ գործով այսպիսի տեխնոլոգիա է կիրառվում: Մեղադրյալներից մեկին հակում են իրականությանը չհամապատասխանող կեղծ ցուցմունք տալ Արա Բուդաղյանի դեմ, որի դիմաց նրան խոստացել են ազատ արձակել»,- ասաց պաշտպանը: Գարեն Աթաջանյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հայկ Ալումյանը վստահ է՝ փորձաքննությունը տալու է եզրակացություն, որ անձը առողջական վիճակից ելնելով հնարավորություն չունի գտնվել կալանքի տակ եւ նրան ազատ են արձակելու կալանքից: «Նախաքննական մարմինը Գարեն Աթաջանյանի առջեւ պայման է դրել, որ ինքը միշտ պետք է ցուցմունք տա Արա Բուդաղյանի դեմ: Սա ակնհայտ անօրինական տեխնոլոգիա է եւ այս ձեւով ցանկացած քրեական գործ կարելի է «սարքել» մարդու գլխին»,- ասաց Արա Բուդաղյանի պաշտպանը: Պաշտպանի խոսքերով՝ միշտ էլ կգտնվեն այնպիսի մարդիկ, ովքեր իրենց սեփական ազատության համար պատրաստ կլինեն «մրոտել» ցանկացած մեկին: Հիշեցնենք, որ Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձին դրդելը: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մայիսի 20-ին իրականացված մահափորձի գործով մեղադրանք է առաջադրվել եւս երեք հոգու՝ Հենրիկ Ավագյանին, Վիտալի Մինասյանին եւ Գարեն Աթաջանյանին: