Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Կյուրեղյանը հյուծված է, բուժակը ասել է՝ երկար չի կարող հացադուլի մեջ մնալ  

Քաղաքականություն
hayk-kyurexyan

ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում եւ հաստատություններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը երեկ այցելել է 27 օր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած Հայկ Կյուրեղյանին: «Նա շատ հյուծված էր, հացադուլավորների համար նախատեսված սենյակում էր գտնվում, այլ հացադուլավորներ չկային: Իրավիճակի մասին խոսեցինք, ազատազրկված անձի իրավունքների մասին մի քանի պարզաբանումներ տվեցինք: Ասեց, որ դիմում է ներկայացրել ՔԿՀ պետի անունով, սակայն  բովանդակության մասին ոչինչ չեմ կարող ասել»,- «Ա1+»-ին ասաց ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում եւ հաստատություններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը: Նրա խոսքերով՝ Հայկ Կյուրեղյանը նշել է, որ բուժակը պարբերաբար  այցելում է նրան, չափում է ճնշումը: «Բուժակը մեզ հետ էլ հանդիպելիս ասաց, որ շատ երկար չի կարող հացադուլի մեջ մնալ, որովհետեւ որոշակի բացասական հետեւանքներ կթողնի առողջության վրա»,- ասաց Ռուբեն Սարգսյանը: Սակայն Հայկ Կյուրեղյանը հայտարարել է՝ դեռ հացադուլը կշարունակի: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց 2014 թ հունիսի 12-ին օդամղիչ ատրճանակից կրակած եւ 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, նաեւ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ որդին ՔԿՀ-ում ձեռք է բերել հիվանդություններ՝  ծխի նկատմամբ ալերգիա եւ խրոնիկական հազ: Սակայն ստացել է թերի բուժում: Պատճառաբանել են, որ համապատասխան մասնագետ չկա: