Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլէներգիայի վարձավճարի սուբսիդավորումը չի գործում. Զ. Փոստանջյան (տեսանյութ)

Քաղաքականություն
umbxQzXQEeQ

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում քվեարկության դրեց քառօրյայի ընթացքում քննարկված մի շարք նախագծեր: Քվեարկության ընթացքում ՀՀԿ պատգամավորներ Համլետ Հարությունյանը եւ Սպարտակ Մելիքյանը քվեարկեցին նաեւ իրենց բացակա գործընկերների փոխարեն: Երբ ԱԺ-ն սկսեց քննարկել Վիճակագրական ազգային ծառայության 2016-18թթ. տարեկան ծրագիրը երկրորդ ընթերցմամբ, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ելույթ ունեցավ ու կրկին անդրադարձավ դեկտեմբերի վեցին կայացած հանրաքվեին. «ԱԺ-ում այդպես էլ ոչ մեկը չանդրադարձավ հանրաքվեին, որի կապակցությամբ պետք է հնչեին ելույթներ: Քաղաքական ուժերը փորձեցին լռության մատնել այն հանցավորությունը, որ տեղի ունեցավ այդ օրը, սակայն ես պարտավոր եմ ելույթներով հանդես գալ ու անդրադառնալ այդ խնդրին»: Ըստ նրա՝ կառավարության ներկայացված բոլոր առաջարկներն ու պարտավորությունները չեն գործում երկրում. «Այսօր գնացել էի կոմունալ վարձերը վճարելու եւ տեսա, որ մեր համաքաղաքացիները բողոքում էին, որ էլեկտրաէներգիայի վարձավճարը, որ կառավարությունը պարտավորվել էր սուբսիդավորել, չի գործում. «Ակնհայտ է, որ ՀՀ-ում չեն գործում արդար օրենքները, դրանք չեն բխում իրավունքի սկզբունքից, այլ գործում է հանցավոր, ապօրինի գումարների հավաքագրումը»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Մի երկու բառ էլ վիճակագրությունից խոսեք»: «Դրանից էլ կխոսեմ»,- պատասխանեց Զարուհի Փոստանջյանը: «Գոնե գիտակցո՞ւմ եք, որ կանոնակարգ եք խախտում»,- շարունակեց Գալուստ Սահակյանը: Իսկ Զարուհի Փոստանջյանը, առանց ուշադրություն դարձնելու, շարունակեց ելույթը. «Բնակչությունը արտագաղթել է, քանի որ հնարավորություն չունի ապրելու...»: «Եթե քննարկման թեմայի շուրջ ոչինչ չունեք ասելու, անջատում եմ ձեր խոսափողը ու միայն մեզ համար խոսեք: Ես այս պահին կատարում եմ իմ լիազորությունները, իսկ դուք պարզապես գլխի չեք, թե որտեղ եք գտնվում»,- բարկացավ Գալուստ Սահակյանը: Զարուհի Փոստանջյանը փորձեց շարունակել ելույթը, սակայն Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ հարցի քննարկումն ավարտվեց եւ ամբիոնի մոտ հրավիրեց հաջորդ զեկուցողին: