Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԵԿ-ն անգամ անվճար եթերաժամանակից չի օգտվել. ԽԱՊԿ (տեսանյութ)

Քաղաքականություն
monitoring-nkar

Հոկտեմբերի 26-ից դեկտեմբերի 4-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն սահմանադրական փոփոխություններին և դեկտեմբերի 6-ի հանրաքվեին նվիրված 110 մամուլի ասուլիս է ուսումնասիրել: Ասուլիսներին մասնակցած ամենաակտիվ քաղաքական ուժը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է եղել. 39 ասուլիս: Իսկ «Օրինաց երկիր»-ն ընդհանրապես որևէ ասուլիսի այս թեմայով հանդես չի եկել: Այս տվյալներն այսօր ներկայացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Իսկ այդ ասուլիսների լուսաբանման առումով դիտարկվել է 10 հեռուստաընկերություն. «Պետք է նշեմ, որ հեռուստաընկերությունները բավականաչափ ուշադրություն չեն դարձրել ասուլիսներին: «Արմենիա» և «Արմնյուզ» հեռուստաընկերություններն ամենաքիչն են լուսաբանել, մասնավորապես՝ «Արմենիա»-ն՝ ութ ասուլիս, «Արմնյուզ»-ը՝ մեկ: Ամենաակտիվ լուսաբանողը եղել է «Կենտրոն»-ը՝ լուսաբանելով հիսունհինգ ասուլիս: Հիմնականում հեռուստաընկերությունները չեզոք են եղել լուսաբանելիս: Սակայն պետք է նշեմ, որ նկարահանած ոչ բոլոր ասուլիսներն են եթերում ցուցադրել հեռուստաընկերությունները: Ենթադրում եմ, որ այստեղ արդեն խմբագրի կողմից է միջամտություն եղել»: Իսկ թե որքանո՞վ են օգտվել խորհրդարանական ուժերը Հանրային հեռուստառադիոընկերության կողմից առաջարկվող անվճար և վճարովի եթերաժամանակից, պարոն Մելիքյանը նշեց. «Թե անվճար, թե վճարովի եթերաժամանակից ամբողջապես օգտվել է ՀՀԿ-ն, մյուսները՝ վճարովիից ավելի քիչ, իսկ «Օրինաց երկիր» կուսակցությունը միայն հեռուստաեթերից է օգտվել, ռադիոյի անգամ անվճար եթերաժամանակն ընդհանրապես չի օգտագործել»: Ընդհանուր առմամբ, հեռուստաընկերությունների լուսաբանման հարցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն առանձնապես առաջընթաց չի տեսնում. «Սակայն գոնե քարոզարշավի ընթացքում նրանք փորձել են պահպանել չեզոքություն: Իսկ հենց քարոզարշավն ավարտվում է, վերադառնում ենք նույն կոտրած տաշտակին»,-շեշտեց պարոն Մելիքյանը: