Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հորս արեւ» տերմինը ղարաբաղցիներին հարիր չէ. Հանրապետականը՝ կեղծիքների մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hamlet-harutyunyan

Հանրաքվեն անցկացնելուց հետո Հանրապետականը դեմ չէ, որ պատժվեն բոլոր կեղծիքներ անողները։ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանի խոսքով՝ «Բոլորը պետք է դառնան քննության առարկա, քրեական հետապնդման առարկա»։ Այս մարդը երբեք չի համաձայնվի, որ կեղծիքներն ընդգրկել են ամբողջ հանրապետությունը, գրեթե յուրաքանչյուր տեղամաս. «Մենք ունենք ֆիքսված բողոք ընդամենը 70 կամ 80։ Մնացածը ասեկոսներ են կամ խոսակցություն»։ Եվ այնպես չէ, որ բոլոր կեղծողները դա արել են հենց «այո»- համար։ Դրանք սադրիչներն են. «Էդ էն մարդիկ են, ովքեր էսպես ասեմ, կողմնակից են եղել «ոչ»-ին։ Ոչ բոլորը»։ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի համար առանձնապես օրինական չէ եվրոպացի դիտորդների այն գնահատականը, որ տեղ գտած կեղծիքների պատճառով հանրաքվեն լեգիտիմ չէ. «Էնտեղ հարց կար, թե դիտորդները դրանք ներկայացուցչականության խնդիր կար՝ ու՞մ են ներկայացնում, այսինքն, դա պաշտոնակա՞ն կառույցներ են, թե ոչ պաշտոնական՝ Եվրոպայի»։ Նախկին ընդդիմադիրն ասում է՝ պետք է չափել խախտումները, նոր ասել՝ լեգիտի՞մ է նոր Սահմանադրությունը, թե՝ ոչ, այնպես չէ, որ բոլոր դժգոհները գնում եւ դեմ են քվեարկում իշխանությանը. «Երբ որ գալիս ա քվեարկելու պահը, նրանք հավասարապես չեն վստահում նաեւ ընդդիմությանը»։ Փաստն այն է, որ կեղծիքները չեն ազդել «այո»-ի հաղթանակի վրա։ Այդ դեպքում ինչու՞ են կեղծում։ Այստեղ պարոն Մելքումյանը երկար է մտածում՝ լուրջ հարց է, կեղծողները գուցե դեմ չեն քրեական պատիժներին. «Մարդ կա՝ ուզում ա սեփական ազատազրկման հաշվին հարստանա։ Գուցե գիտեն, որ չեն պատժվելու, դրա համա՞ր են կեղծում։ Չէ, չեմ կարծում, էս փուլում չեմ կարծում»։ Հանրապետական Համլետ Հարությունյանն, ի դեպ, եվրոպացի դիտորդներից այլ բան չէր էլ սպասում. «Այն օրվանից, երբ Հայաստանը մտավ ԵՏՄ-ի մեջ, եվրոպական կառույցները բնականաբար Հայաստանի նկատմամբ փոխեցին իրենց չափանիշները եւ ցանկացած բան նեգատիվ բանով են նայում»։ Գուցե նրանց այլեւս չհրավիրե՞նք մեր ընտրությունները դիտարկելու՝ քանի ԵՏՄ-ում ենք, միշտ էլ ասելու են, որ ընտրությունները ոչ լեգիտիմ են։ Ոչ, թող գան. «Երեւի մեր բախտը միշտ ըտենց ա՝ Եվրոպան միշտ Հայաստանի նկատմամբ էդպես երկակի ստանդարտներ է կիրառել ոչ միայն այսօր, այլեւ դարեր շարունակ»։ Ի դեպ, պատմաբան Հարությունյանն իր բոլոր սրբերով կարող է երդվել, որ գոնե իր քվեարկած տեղամասում քվեարկությունն արդար է եղել, բայց բոլոր տեղամասերի համար երդվող չէ. «Հորս արեւ» տերմինը ղարաբաղցիներին հարիր չի։ Մենք էդպիսի երդումներ չենք ուտում»։