Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կամաց-կամաց դուք էլ կդաստիարակվեք». ԱԺ նախագահը՝ Զ. Փոստանջյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
zara

ԱԺ-ում այսօր 2016թ. պետական բյուջեի լրամշակված ու փոփոխված նախագծի քննարկմանը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւս խոսեց նավթի համաշխարհային գների անկումից. «Մեր տնտեսությունը, ըստ էության, մաս է կազմում ՌԴ տնտեսությանը: Ուզում եմ հասկանալ՝ ՌԴ տնտեսության ճգնաժամային պայմաններում ի՞նչ պետք է անենք, քանի որ մեզ մոտ ավելի սուր է լինելու ճգնաժամը: Ես ուզում եմ նաեւ անդրադառնալ միջազգային դիտորդների՝ հանրաքվեի վերաբերյալ գնահատականներին: Նրանք նշել են, որ ՀՀ քաղաքացիները հանրաքվեն ընկալել են որպես Սերժ Սարգսյանի կողմից իր իշխանությունը պահպանելու միջոցառում: Այս ճգնաժամը նաեւ քաղաքական է, տվյալ պարագայում ոչ կայուն քաղաքական իրավիճակ է երկրում ու մեր քաղաքացիները «ոչ» են ասել ոչ լեգիտիմ իշխանություններին: Երբ խորը տնտեսական ճգնաժամ է, ո՞րն է լինելու կառավարության սցենարը, միայն մեկ բա՞ն՝ հրաժարակա՞ն եք տալու, թե այլ բան էլ կա»: Նրա հարցի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը տեղից ռեպլիկ արեց՝ հայտարարելով. «Հանգստացի,  արտահերթ ընտրություններ չկան»: Ամբողջ ընթացքում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որեւէ կերպ չմիջամտեց Զարուհի Փոստանջյանին: Իսկ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ ինքը քաղաքական հարցադրումներին չի կարող արձագանքել. «Եկեք գանք բյուջեի նախագծին: Ձեր ասածները իհարկե վատ հետեւանքներ կունենան տնտեսության վրա, սակայն հիմա պիտի նախագիծը թողնենք ու ձեր սցենարները քննարկենք»: Զարուհի Փոստանջյանը Պավել Սաֆարյանի խոսքերից հետեւություն արեց, որ պետական բյուջեն ռիսկեր է պարունակում. «Մանավանդ նավթի գների նվազեցումը ցավոտ է լինելու մեր տնտեսության վրա, քանի որ մեր հայրենակիցները արտագնա աշխատանքի են ՌԴ-ում ու այդ գումարները չեն ստանալու, քանի որ ՌԴ պետական բյուջեն հումքի արտահանման բյուջե է: Տնտեսական եւ քաղաքական ճգնաժամի այս պայմաններում արտահերթ ընտրություններն անխուսափելի են»: Նրա խուսափողը Գալուստ Սահակյանն անջատեց՝ ասելով, որ ընդամենը ժամանակն էր լրացել, այլ ոչ թե ընդհատում է տիկին Փոստանջյանին. «Այսօր շատ պարկեշտ, բարեկիրթ էիք, սակայն վերջում էլի ամեն ինչ փչացրեցիք: Պարոն Սաֆարյան, քաղաքական հայտարարություն էր, կարող եք չպատասխանել»: Պավել Սաֆարյանը նախընտրեց պատասխանել, իսկ այդ ընթացքում Գալուստ Սահակյանը գրիչով տկտկացնում էր սեղանին՝ լռության կոչ անելով: «Մեր ԱԺ-ն եզակի է աշխարհում, որ նավթի գների իջեցման փաստը կարող է բերել ու կապել կառավարության հրաժարականի հետ»: Ի դեպ, Պավել Սաֆարյանը փոքր բանավեճ ունեցավ ՀՀԿ պատգամավոր Մուրադ Մուրադյանի հետ, որը հայտարարեց, որ իր բոլոր առաջարկները մերժվել են: Պավել Սաֆարյանին զարմացրել էր պատգամավորի զայրացած խոսելաձեւը: Այդ ընթացքում մի խումբ պատգամավորներ, այդ թվում՝ Զարուհի Փոստանջյանը, կիսաձայն զրուցում էին, որը դուր չեկավ պարոն Սաֆարյանին. «Տիկին Փոստանջյան, դուք տրամադրված եք ինձ խանգարելո՞ւ»: «Ոչինչ, կամաց-կամաց դուք էլ կդաստիարակվեք, տիկին Փոստանջյան»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը, ապա դիմելով Պավել Սաֆարյանին՝ ասաց. «Շարունակեք, մի րոպեից կանցնի...»: