13/03 եւ 13/04 ընտրատեղամասերում հաղթեց «ոչ»-ը
Երեւանի Սարիթաղ թաղամասի թիվ 13/03 եւ 13/04 ընտրատեղամասերում, որոնք տեղակայված են միեւնույն դպրոցի տարբեր հարկերում, մեծ առավելությամբ հաղթեց «ոչ»ը: 13/03 ընտրատեղամասում «այո»-ն հավաքեց 268, «ոչ»-ը 332, իսկ անվավեր քվեաթերթիկները՝ 51 քվե: 13/04 ընտրատեղամասում «այո»-ն ունեցավ 255, «ոչ»-ը 287, իսկ անվավերը՝ 95 քվե: Ի դեպ, երբ ընտրատեղմասերը ժամը 20:00-ին փակվում էին, մի խումբ կանայք փորձեցին մտնել ներս, սակայն ոստիկանության աշխատակիցները հայտնեցին, որ այլեւս այդ իրավունքը չունեն: Կանայք բարկացած հայտարարեցին, որ քիչ առաջ են ավարտել աշխատանքն ու անմիջապես եկել են ընտրատեղամաս: «Ես եկել եմ ոչ ասելու, եթե իմանամ իմ փոխարեն այո են ասել, ես կիմանամ՝ որտեղ բողոքեմ»,- հայտարարեց կանանցից մեկը: Քվեաթերթիկների հաշվման ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչներն ամեն անգամ բուռն էին արձագանքում, երբ դուրս էր գալիս «այո» քվեաթերթիկը: Նրանք փորձում էին համոզել, որ այդ քվեաթերթիկները համարեն վավեր: Ի վերջո հարցը լուծվում էր հանձնաժողովի անդամների քվեարկությամբ: