«Ազատության հրապարակում վրանների տեղադրումը վնասում է հուշարձաններին». նախարար
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր հայտարարեց, որ Ազատության հրապարակում վրանների տեղադրումը վնասում է այնտեղի հուշարձաններին։ Նա հորդորեց՝ հետաքրքրվել ու ճշտել, թե յուրաքանչյուր հանրահավաքից հետո հուշարձանները ինչ վիճակում են գտնվում. «Չեք տեսնո՞ւմ՝ ինչ է լինում, վրանները տեղադրում են հուշարձանների կողքին: Պատվանդանները արդեն 3-4 անգամ վերանորոգել ենք, որովհետեւ սարսափելի վիճակում էին: Մենք չենք կարող պատասխան տալ այն մարդկանց համար, ովքեր օգտվում են առիթից եւ ապականում հուշարձանները: Մամուլում հայտնվում են տեսարաններ, թե ինչ է կատարվում Օպերայի պատին, եւ մեղադրում են Մշակույթի նախարարությանը, որ չենք հետեւում, բայց երբ նախարարությունը պաշտպանում է հուշարձանի շահերը, ասում են՝ ինչո՞ւ եք այդպես անում»: Նախարարը հիշեցնում է՝ «Ազատության» հրապարակը, մշակութային հրապարակ է ու այն պետք է ծառայի մշակույթին։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ից սկսած «Նոր Հայաստան» փրկության ճակատն Ազատության հրապարակում նստացույց է անցկացնում, իսկ երեկվանից ցուցարարները ցանկանում են Ազատության հրապարակում վրաններ տեղադրել, սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս: