Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գոռ Վարդանյանը իրեն մեղավոր չի ճանաչում. նա հարցերին չպատասխանեց

Հասարակություն
gor1

Միջազգային Դուքենդոյի եւ Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանի գործով դատական նիստն այսօր շատ կարճ տեւեց: Գործով մեղադրող Արմեն Փանոսյանը չէր ներկայացել դատարան: Դերասանին մեղադրանք է առաջադրվել  Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար: Հոդվածը պատժվում է կալանքով՝  առավելագույնը երեք ամսյա ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագունը երեք տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրաատիկի չափով կամ առանց դրա: Հիշեցնենք, որ նախորդ տարվա փետրվարի 4-ի ուշ երեկոյան ոստիկանության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 17 հասցեում՝ Պուշկինի անվան դպրոցի հարեւանությամբ գործող Հայաստանի «Դուքենդո»-յի ֆեդերացիայի տարածքում, հայտնաբերել են մեծ քանակի զենք զինամթերք՝ նռնակներ, լուսային ազդանշանային հրթիռներ, փամփուշտներ եւ այլն: Խուզարկությունը կատարվել է Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում: Սպանության համար  ձերբակալվել է  Երեւանի բնակիչ, 45-ամյա Իսրայել Սարգսյանը, որն առավել հայտնի է «Իսո» մականվամբ: Նա ներկայացվել է  որպես «Դուքենդո»-յի ֆեդերացիայի փոխնախագահ: Գոռ Վարդանյանը իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում՝ նշելով, որ այդ զինամթերքը օգտագործել է ֆիլմ նկարահանելու համար:  Խոսքը «Ճակատագիր» ֆիլմի մասին է, որը նվիրված է Ղարաբաղյան հերոսամարտի 20-ամյա տարեդարձին: Գործով դատական նիստը հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 10-ը: Իսկ Գոռ Վարդանյանը կտրականապես հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել՝ նշելով, որ կխոսի դատաքննության ավարտին: