Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիդեռլանդներում քննարկվել են սահմանի վերջին սրացումները

Քաղաքականություն
4af348ee9e573c7123962fe43605aef0

«Հայաստանի եվրոպացի բարեկամները» մասնակցել են Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումներին Նիդերլանդների խորհրդարանում   Բրյուսել, դեկտեմբերի 3, 2015թ. «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը (ՀԵԲ կայք՝ www.EuFoA.am) Նիդերլանդների խորհրդարանում հրավիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին պարբերաբար սրվող իրավիճակի շուրջ լսումներին մասնակող պատվիրակության կազմում էր: Լսումները նախաձեռնել էր Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Պիետր Օմտզիգտը: Մասնակցում էին նաև հոլանդացի այլ քաղաքական գործիչներ: Պարոն Օմտզիգտը հրավիրել էր Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) պատվիրակությանը՝ հետևելով Լեռնային Ղարաբաղում վերջերս արձանագրված լարումների վերաբերյալ FAON-ի ուղարկած նամակին: Պատվիրակության կազմում էին Ինգե Դորստը և Մաթո Հախվերդյանը  (FAON), ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը և «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան: Լսումներին նախորդել էին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած սրացումները: Սեպտեմբերին երեք կին էր զոհվել, երբ ադրբեջանական բանակը հրետակոծում էր ՀՀ սահմանամերձ բնակավայրերը: Զուգահեռաբար, արձանագրվել էին հրադադարի պարբերաբար խախտումներ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում: Միջազգային հանրության համար մտահոգիչ է նաև, որ շարունակաբար կիրառվում են մեծ տրամաչափի զինատեսակներ: Իր ելույթում տիկին Դորստը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակի համապատկերը՝ անդրադառնալով վերջին տարիների պատմությանը: Նա դիմեց Նիդերլանդների խորհրդարանին՝ աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումները սահմանափակող հստակ միջոցներին և վերահաստատել ռազմական թեժ գիծ: Տիկին Դորստը կոչ արեց հոլանդացի պատգամավորներին՝ այցելել Լեռնային Ղարաբաղ և ջանքեր գործադրել, որ ԼՂ հանրությունը իր տեղն ունենա բանակցային սեղանի շուրջ: Այնուհետև, ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան իր ելույթում ներկայացրեց, թե ինչպես է «Հայաստանի եվրոպացի բարեկամները» կազմակերպությունը մշտապես Եվրոպական խորհրդարանի և ԵՄ այլ կառույցների ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղի վրա: Նա խոսեց նաև ԵԽ փոխնախագահի և բազմաթիվ այլ պաշտոնյաների՝  ԼՂ կատարած այցերի, ինչպես նաև վերջերս հրադադարի խախտման վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների կոշտ արձագանքների մասին: «Մեզ համար շատ կարևոր է մեր ներդրումն ունենալ այս լսումներին և մենք շնորհակալ ենք Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիային՝ այս հնարավորության ընձեռման համար: Ազգային խորհրդարանները և դրանց անդամները կարող են կարևոր դերակատարություն ունենալ, և նրանց աջակցությունը այս հարցի խաղաղ կարգավորման գործընթացում չափազանց անհրաժեշտ է: Մենք հուսով ենք, որ Հոլանդիայի խորհրդարանը կաջակցի հրադադարի խախտման դեպքերը բացառող միջոցների կիրառմանը: Ես վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լավագույնս կգնահատի սա»,- ասել է ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական սահմանին գոյություն ունեցող պատկերը: Նա ընդգծեց, որ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը առաջնային կարևորություն ունի հակամարտության կարգավորման համար և նկատեց. «Միջազգային հանրությունը վճռականորեն պետք է արտահայտվի հրադադարի խախտման մասին և դատապարտի հանցագործին: Կողմնակալ բանաձևերը, ինչպես օրինակ ԵԽԽՎ-ի բանաձևը, վնասում են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ուստի, ես ուրախ եմ իրազեկել հոլանդացի պատգամավորներին այս թեմայի շուրջ: Հուսանք, որ նրանք կաջակցեն Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական հետագա գործընթացներին››: Երկար տարիներ Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) բավականին ակտիվ է եղել հոլանդացի պաշտոնյաների հետ համագործակցելու և Լեռնային Ղարաբաղը նրանց ուշադրության կենտրոնում պահելու հարցում: Լսումներին ներկա էր նաև հոլանդացի պատգամավոր Հարի Վան Բոմմելը, որը անձամբ եղել է Հայաստանում: Թե՛ պարոն  Վան Բոմմելը, և թե՛ պարոն  Օմտզիգտը հարցրեցին Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) պատվիրակությանը՝ ինչպես Հոլանդիայի խորհրդարանը կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղում խաղաղությանը  պահպանմանը: ‹‹Մենք պետք է վստահ լինենք, որ յուրաքանչյուրն իր մասնակցությունը ունի սեղանի շուրջ՝ Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղի հանրությունը, քանի որ երբեմն թվում է, որ վերջիններիս մասին մոռացվում է հակամարտության մասին խոսելիս››,- նշեց պարոն  Օմտզիգտը: