«Ժողովրդի մեծ մասը հասկանում է, որ կարող է գյուղապետին ասի Այո, բայց գնա Ոչ քվեարկի» (տեսանյութ)
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը վերջին 25 օրերի ընթացքում հանրապետության մոտ 85 համայնքում է եղել։ «Պասիվության և անվստահության տոկոսը շատ բարձր էր բնակչության մոտ։ Հիմա այդ պասիվ մարդկանց որոշակի հատված հակված է գնալու և քվեարկելու Ոչ։ Ժողովուրդն ավելի շատ ոչ թե դեմ է սահմանադրությանը, այլ իշխանության ներկայացրած փաստաթղթին։ Մարդկանց զայրույթը վերածվել էր հայհոյանքի, հիմա էլ՝ անեծքի»։ Պարոն Մանուկյանը հետևել է տարբեր կազմակերպությունների՝ սահմանադրության վերաբերյալ տվյալներին. «11-18 տոկոս է Այո-ի տոկոսը, Ոչ-ը՝ երեքից չորս անգամ ավելի է։ Եթե մեր իշխանությունը խոհեմ լինի, ետ կկանգնի այս գործընթացից։ Եթե իրենց ախորժակը, թասիբը թույլ չի տալիս, գոնե հանգիստ թողնեն ընտրությունները»։ ՀԱԿ պատգամավորը վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ տեղեկություններ ունի, սակայն վստահ է, որ դա չի խոչընդոտի, որպեսզի մարդկանց մի ստվար հատված դեմ քվեարկի սահմանադրության նախագծին։ «Ժողովրդի մեծ մասը հասկանում է, որ կարող է գյուղապետին ասի Այո, բայց գնա Ոչ քվեարկի»։ Պարոն Մանուկյանն իր կոչն ուղղեց բոլոր քաղաքացիներին. «Չկա սահմանադրության փոփոխություն, կա Սերժ Սարգսյանի իշխանության շարունակություն։ Մնացածը բլեֆ է»։ Պատգամավորը նշեց նաև, որ «Նոր Հայաստան» շարժման նստացույցին թեև չեն միանալու, սակայն նրանց հետ համագործակցում են և քննարկումները համատեղ անցկացնում։