Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը հայտարարել է, որ հավաքն ընթանում է խախտումներով

Քաղաքականություն
ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2015 թ. դեկտեմբերի 1-ի հավաքն ընթանում է օրենքի խախտումներով: Հավաքի կազմակերպիչներն իրենց կողմից ներկայացված և ի գիտություն ընդունված երթուղուց շեղվելով, «մեր քաղաքում ազատ քայլելու» և համանման այլ պատճառաբանություններով շարժվել են դեպի երթի իրազեկմամբ չնախատեսված Մելիք-Ադամյան փողոց և արգելափակել հարակից Հանրապետության փողոցի երթևեկությունը: ՀՀ ոստիկանությունն իր լիազորությունների սահմաններում կասեցրել է անօրինական երթը, հորդորել երթի կազմակերպիչներին հետևել իրազեկմամբ նախանշված երթուղուն: ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ նախատեսված հավաքների առաջին իսկ օրից, հավաքի կազմակերպիչները, անտեսելով ՀՀ ոստիկանության նախապես տարածված հայտարարության մեջ տեղ գտած ողջախոհության և օրինապահության կոչերը, ձեռնարկել են իրավիճակը լարելուն և ոստիկանների հետ բախումներ հրահրելուն ուղղված սադրիչ գործողություններ: ՀՀ ոստիկանությունը հավաքի կազմակերպիչներին և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանին և Ժիրայր Սեֆիլյանին հերթական անգամ սթափության կոչ է անում և պահանջում նման բազմամարդ միջոցառումներում ձեռնպահ մնալ ինչպես հավաքի մասնակիցների, այնպես էլ ՀՀ ոստիկանության աշխատակիցների անվտանգությանը սպառնացող իրավիճակներ ստեղծելուց: Նման գործողությունների արդյունքում առաջացած հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու են հավաքի կազմակերպիչները: