Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հետեւեց Ռուսաստանի օրինակին (տեսանյութ)

Սպորտ
Untitled

«Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան եւ Հունաստանը հրաժարվեցին մասնակցել դեռահասների Եվրոպայի բաց առաջնությանը, որը կայանալու է Թուրքիայում, և Եվրոպայի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի անդամ երկրներից մնացին Հայաստանն ու Ռուսաստանը: Նոյեմբերի 26-ին վերջինս նույնպես հրաժարվեց մասնակցությունից: Որպեսզի ամբողջ նախաձեռնությունը չվերցնեմ ինձ վրա, անցած շաբաթ օրը գործադիր կոմիտեի նիստ հրավիրեցի: Մենք նույնպես որոշեցինք հրաժարվել մեկնել Թուրքիա, չնայած մեկ ամիս առաջ ձեռք էինք բերել ինքնաթիռի տոմսերը եւ այլեւս չենք կարող հետ վերադարձնել», - Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը «Ա1+»-ի մարզական լրագրողին այսպես պատճառաբանեց Թուրքիայում դեկտեմբերին կայանալիք Եվրոպայի կադետների առաջնությունից հրաժարվելու փաստը: Մեր այն հարցին, թե արդյոք դա քաղաքական ենթատեքստ չունի՞, պարոն Հայրապետյանն ասաց. «Մենք եւ Իտալիայի ֆեդերացիան առաջնության կազմակերպչին, իսկ դա հենց Եվրոպայի սամբոյի ֆեդերացիան է, նախապես առաջարկել էինք հետաձգել մրցաշարը, մինչեւ որ այդ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, կամ էլ տեղափոխել մեկ այլ երկիր: Սակայն սամբոյի եվրոպական գրասենյակից այդպես էլ պատասխան չստացանք, ուստի ստիպված հետեւեցինք գործկոմի անդամ երկրների օրինակին»: Լեւոն Հայրապետյանը դեռեւս այն կարծիքին է, որ Հայաստանը ճիշտ է արել, որ մասնակցել է Բաքվում կայացած եվրոպական առաջին խաղերին, չնայած միշտ էլ լարված իրավիճակ է տիրում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններում. «Քանի որ Սերժ Սարգսյանը ՄՕԿ-ի եւ ԵՕԿ-ի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ տվել էր իր համաձայնությունը, ուստի ոչ մեկն իրավունք չուներ հրաժարվելու այդ խաղերի մասնակցությունից» - ասաց ՀՍՖ-ի նախագահը: