Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱլԳ ՔՀՖ մտահոգությունը Սահմանադրության փոփոխությունների գործընթացի վերաբերյալ

Քաղաքականություն
arevelyan-gorcynkerutyun

Մենք՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի՝ Կիեւում ընթացող 7-րդ տարեկան համաժողովի մասնակիցներս, կիսելով ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի մեր գործընկերների մտահոգությունը, հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող Սահմանադրության փոփոխությունների գործընթացը չի համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին եւ անընդունելի է ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային հանրության համար: Մեզ մտահոգում է, որ Սահմանադրության նախագծի մշակման եւ դրա վերաբերյալ հանրաքվեի անցկացման քարոզչության գործընթացը՝ ներառյալ իրազեկման համար հավասար հնարավորությունների ապահովման եւ ընտրացուցակների կազմման աշխատանքները, իրականացվում են բազմաթիվ խախտումներով եւ արդեն իսկ անվստահություն են ձեւավորում Սահմանդրության հանրաքվեի վերջնական արդյունքների նկատմամբ: Հիշեցնում ենք, որ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը մինչ այդ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ՀՀ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացը եւ դրա վերաբերյալ հանրաքվեի անցկացումը ժամանակավրեպ են եւ բխում են ոչ թե հասարակության եւ պետության շահերից, այլ բացառապես՝ առկա քաղաքական կոնյունկտուրայից: Մենք անընդունելի ենք համարում իշխող կուսակցության կողմից հանրային ռեսուրսները միակողմանի քարոզչության եւ իշխանության վերարտադրման շահերին ծառայեցնելու պրակտիկան: Մենք ահազանգում ենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծում պատշաճ կերպով սահմանված չեն մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին, տեղական ինքնակառավարմանը, շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնմանը, բնական պաշարների ողջամիտ օգտագործմանը եւ ոլորտային խնդիրներին վերաբերող բազմաթիվ այլ դրույթներ: Ահազանգում ենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների առկա գործընթացը խախտում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ որոշումների կայացման մասնակցության իրավունքը եւ պետք է անընդունելի համարվի բոլոր այն կազմակերպությունների եւ կառույցների կողմից, որոնք ունեն մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության տարածման առաքելություն: