Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում ընդդիմության ֆակուլտետ չկա. ՍԴՀԿ-ն ասում է «այո»

Քաղաքականություն
hnchak

Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին: Այսօր հրավիրած «Սահմանադրական բարեփոխումների հեռանկարները» խորագրով խորհրդաժողովին ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը նշեց այն կետերը, որոնք ստիպում են նրանց դեկտեմբերի 6-ին ասել «այո». «Խորհրդարանական կառավարման համակարգը ժողովրդավարության ամենաբարձր դրսևորումն է: Հայաստանի քաղաքական համակարգի դեգրադացվածության, կուսակցությունների հանդեպ անվստահության, ապատիայի պայմաններում միայն խորհրդարանական կառավարման համակարգն է, որ կարող է երկրում կայացնել վստահություն չվայելող ինստիտուտները»: ՍԴՀԿ ատենապետը չի ընդունում «ոչ»-ականների դիտարկումը, թե սահմանադրական փոփոխությունները իշխանության վերարտադրության համար են. «Այս հանգամանքը մեզ համար այնքան անընդունելի է, որքան որ իրենց համար է անընդունելի արտագաղթը, օլիգարխիան, մենաշնորհը, սոցիալական անարդարությունները, տասն անգամ ավելի շատ դրանք մեզ համար են անընդունելի: Այնպես չէ, որ իրենք ավելի ընդդիմադիր են, քան մյուսները: Հայաստանում ընդդիմության ֆակուլտետ չկա, ընդդիմադիր դիպլոմ որևէ հաստատության կողմից չի բաժանվում: Սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումները պետք է վեր լինեն այս ամենից»: Նարեկ Գալստյանը հիշեցնում է, որ աշխարհի ցանկացած երկրի ցանկացած իշխանություն ցանկանում է վերարտադրվել, դա տարրական քաղաքագիտական նորմ է: Բայց եթե մեր իշխանությունները վերարտադրության ցանկություն ունենային, ապա ներկայիս սահմանադրությամբ էլ դա կանեին. « Ի՞նչ պետք է նրանց խանգարեր դա անել, նախագահը կարող էր ընտրվել վարչապետ, ապա կրկին առաջադրվել որպես նախագահ»: