Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակի դեպքերն ավելացել են (տեսանյութ)

Հասարակություն
5d4d2afbb24979062650b3de8a89db81

2014 թվականին Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 334 դեպք, ինչը առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը այս վիճակագրությունը ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը. «Ոլորտում առկա հիմնախնդիրներից է հիվանդության ուշ ախտորոշումը, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միայն 45 տոկոսն է, որ գիտի իր կարգավիճակի մասին»: Մեր երկրում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերը արձանագրվել են 1988 թվականից սկսած: 27 տարիների ընթացքում Հայաստանում գրանցվել է 2214 ՄԻԱՎ վարակի դեպք: Միայն 2015 թվականի 11 ամիսներին դեպքերի թիվը եղել է 261. «1988-ից սկսած՝ մենք ոչ միայն մեծ փորձ ենք կուտակել, այլ նաեւ հաջողություններ՝ բուժման ոլորտում: Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժման շնորհիվ՝ 2007 թվականից ի վեր, ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաների շրջանում հիվանդության որեւէ դեպք չի գրանցվել»,- նշեց փոխնախարարը: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր թվում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝1528 մարդ, իգական սեռի ներկայացուցիչներից՝686 դեպք: Իսկ երեխաների մոտ արձանագրվել է 41 դեպք: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 495 դեպք: Այս պահին իրավիճակի գնահատումը ցույց է տալիս, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը 3800 է: