Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեզ համար «Այո»-ի քարոզչությունը կյանքի և մահվան հարց չէ». Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
sharm

«Դեկտեմբերի 6-ի հանրաքվեն Հանրապետական կուսակցությանն ամեն գնով անհրաժեշտ չէ: Մեզ համար քարոզչությունը կյանքի եւ մահվան հարց չէ: Կան բազում այլ առաջնահերթ խնդիրներ: «Այո»-ն հաղթանակ չէ, ոչ էլ «ոչ»-ն է տապալում»,- այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ սահմանադրական փոփոխությունները նրա համար չեն, որ Հանրապետական կուսակցությանը զրկեն իշխանությունից: «Ցանկացած նորմալ երկրում այն քաղաքական կուսակցությունը, որը գնում է ընտրությունների եւ ասում է՝ ես չեմ ուզում հաղթել, դա նորմալ չէ, դա անբարոյական է»,-նշեց նա: Անդրադառնալով Սահմանադրության նոր նախագծում տարածքների վերաբերյալ վիճահարույց հոդվածին, Էդուարդ Շարմազանովը նշեց. «Խնդրում եմ՝ Հանրապետական կուսակցությունից բոբո չսարքել: Մեզանից՝ հանրապետականներից, Ղարաբաղն ու Հայաստանը մի պաշտպանեք: Իր բոլոր թերություններով հանդերձ՝ ՀՀԿ-ն Հայաստանի ամենակայացած կուսակցությունն է: Ի տարբերություն այլ կուսակցությունների, մենք մեր աչքի գերանը տեսնում ենք, դրա համար էլ գնում ենք փոփոխությունների: Սահմանադրական փոփոխությունները ունեն մի քանի նպատակ՝ կայունության ամրապնդում, անցնցում կառավարում, անցնցում իշխանափոխություն, ավելի արդյունավետ կառավարում եւ անվտանգության բարձր մակարդակ»: ԱԺ փոխնախագահը չցանկացավ մեկնաբանել Սերժ Սարգսյանի եւ մի քաղաքացու հայտնի զրույցը, որի ժամանակ նախագահը նշել էր, թե դատական համակարգն անկատար է: «Կոռեկտ չի լինի, եթե ես երկրի նախագահի գործունեությունը մեկնաբանեմ: Նախագահի ցանկացած քայլ ես նորմալ եմ համարում, քանի որ հավատում եմ նրա փորձին, իմաստությանը եւ անցած ճանապարհին: Ի՞նչ է, ինձանից ակնկալում եք, որ ես ասեմ ՝երկրի նախագահը սխա՞լ է»: Հանդիպման ընթացքում Շարմազանովն անդրադարձավ նաեւ վերջերս Նորք Մարաշում վնասազերծված հանցավոր խմբին՝ նշելով, որ, որպես քաղաքական գործիչ, չի ցանկանում գնահատականներ տալ: «Բոլոր քաղաքական գործիչներին կխնդրեմ զերծ մնալ գնահատականներից: Դա բացառապես մի հարց է, որը քննում է ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը: Սա իրավական տիրույթի հարց է, եւ այստեղ քաղաքական գործչի մեկնաբանության կարիքը չկա, քանի դեռ գնում է նախաքննություն: Բոլոր հարցերին օրենքով սահմանված կարգով նախաքննության մարմինը պատասխան կտա»,-եզրափակեց նա: