Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու սոված արջերին անդարձ կտեղափոխեն Ռումինիա

Հասարակություն
bear-head-turn

Մոտ մեկ ամսից Գյումրու կենդանաբանական այգու արջերին կտեղափոխեն Ռումինիա։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց «Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության ղեկավար, բնապահպան Սիլվա Ադամյանը։ Նշենք, որ վերջին ամիսներին բարձրաձայնվում է այն մասին, որ մասնավոր այգու կենդանիներն անմխիթար վիճակում են. սոված են և անգամ ջուր խմելու հնարավորություն չունեն։ Բնապահպանները դիմել են մի շարք կառույցների, բայց այդպես էլ աջակցություն չեն ստացել։ Երևանի կենդանաբանական այգուց էլ հրաժարվել են վերցնել կենդանիներին։ Ռումինական մի կազմակերպություն պատրաստակամություն է հայտնել օգնելու՝ կենդանիների համար բարվոք պայմաններ ապահովելու հարցում։ «Այնտեղ հատուկ արգելավայր-վերականգնողական կենտրոն կա, որտեղ հոգ կտանեն կենդանիների մասին։ Հակահումանիստական է այստեղ պահել այդ կենդանիներին։ Նրանց այլևս ետ չեն բերելու։ Գյումրու կենդանաբանական այգու տնօրենն իր համաձայնությունը տվել է։ Նա խնդրել է նույնիսկ գումար հավաքել և մյուս կենդանիներին էլ տեղափոխել»,-նշեց տիկին Ադամյանը։ Ստեղծվել է նաև SOS Գյումրի Zoo խումբը, որի կամավորները դիմել են մարդկանց՝ աջակցության խնդրանքով։ «Ամերիկահայ մի գիտնական արձագանքեց, մեզ օգնեց գումարով, և առաջիկա օրերին արջերին կարող ենք կերակրել, հետո միայն տեղափոխել»,-շեշտեց բնապահպանը։ Այն, որ կենդանիները հայտնվել են ծանր վիճակում, նա պայմանավորում է հիմնականում օրենսդրական բացով։ «Այդ առումով խնդիր կա. ինչո՞ւ պետք է ամեն մեկն ունենա իր կենդանաբանական այգին։ Պետք է հետևել, թե ինչպես են պահվում կենդանիները։ Մենք գիտենք, որ կառավարության վերին ատյաններում կանգնած մարդիկ էլ ունեն կենդանիներ»,-ընդգծեց տիկին Ադամյանը։