Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոյեմբերի 30. ԱԱԾ-ն տեղյակ է եղել Նաիրի Հունանյանի պլաններից. փաստաբան (տեսանյութ)

Քաղաքականություն
oracuyc-2

1998-ի նոյեմբերի 30-ին Ազգային ժողովը կառավարության հետ քննարկում է բոնդերի, այսինքն՝ ոչ շուկայական պարտատոմսերի միջոցով տնտեսությունն աշխուժացնելու ծրագիրը։ Այս ծրագրի արդյունավետությունն ապացուցող լավագույն օրինակը Իսրայելն է, որը բոնդերի միջոցով տարեկան մեկ միլիարդ դոլար է մտցնում երկիր։ Բոնդերի աշխատանքի համար էական է անհատի եւ պետության համագործակցությունը։ Ֆինանսների նախարարն ասում է՝ պետությունը նման ռիսկի տակ չի մտնի։ Մարտունիում կովերի կենցաղը 1998-ի այս օրերին անակնկալ էր մայրաքաղաքի բնակիչների, բայց ոչ մարտունեցիների համար։ Խոտից զրկված կովերը գոյություն են պահպանում աղբանոցներում։ Քաղաքապետը մտադիր է ձեռնարկել կտրուկ գործողություններ ։ Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը 1999-ի նոյեմբերի 30-ին պատվավոր քաղաքացու կոչում է շնորհում Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովին։ Պատճառներից մեկն այն է, որ Գրաչովը մտերիմ էր մեկ ամիս առաջ սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ։ Կաթողիկոս դառնալուց մեկ ամիս հետո ՄԱԿ-ի դիմաց նստացույց անող այս հոգեւորականները Գարեգին Երկրորդի հրամանագրով կարգալույծ լինող առաջին հոգեւորականներն են։ Հոգեւորականները սպասում էին այսպիսի որոշման, քանի որ կաթողիկոսին չէին էլ ճանաչում որպես ընտրյալ։ Ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանը դատարանի ճաղերի հետեւից 1999-ի այս օրը դատախազությունից պահանջում է մտնել Ազգային Ժողով, քաղաքական անձեռնմխելիությունից զրկել եւ ձերբակալել Վանո Սիրադեղյանին։ Այս օրն էլ մի քանի սպանությունների գործով դատավարությունը կրկին չսկսվեց Վանո Սիրադեղյանի բացակայության պատճառով։ Փաստաբանն ասում է, որ նախկին նախարարը հիվանդ է, բոլոր կողմերը համաձայն են, որ նրան պետք է բերման ենթարկել։ Փաստաբան Աշոտ Սարգսյանը 2000-ի նոյեմբերի 30-ին պնդում է, որ դեռ նախորդ տարվա հոկտեմբերի 8-ին Ազգային Անվտանգության ծառայությունը բոլոր մանրամասներով տեղյակ է եղել Նաիրի Հունանյանի պլաններից։ Նաիրին հենց ԱԱԾ գործակալին է ասել, թե ինչպես եւ ինչ գործողություններ է իրակացնելու հոկտեմբերի 27-ին խորհրդարան մտնելուց հետո։ «Քաղբանտարկյալների ակումբ-65-ը» 2000-ի այս օրը հայտարարում է, որ այսպիսի Հայաստանի համար չեն պայքարել։ Նախկին քաղբանտարկյալները նույնիսկ դժվարանում են ասել, թե որ իշխանությունների օրոք էր կյանքն ավելի տանելի՝ կոմունիստական, թե՝ անկախ Հայաստանի։ Այս ակումբի անդամ է նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որի հետ հավաքվածները հույսեր չեն կապում։ 2001-ի նոյեմբերի 30-ին խորհրդարանը խոսում է Հայաստանի էներգետիկ համակարգի խայտառակ վիճակի մասին։ Գազի եւ միջուկային վառելիքի պատճառով կուտակված պարտքերն, ըստ պատգամավոր Ֆիլարետ Բերիկյանի, արդեն սպառնում են մեր ազգային անվտանգությանը։ Մեղրիի երկաթուղային կայարանի տնօրենն արդեն 9 տարի այլ քաղաքներից գնացք չընդունած կայարանի փաստաթղթերի վրա դնում է ադրբեջանական տառերով կնիք։  Գնացքն այստեղ գնում-գալիս է միայն Մեղրիի տարածքով, մինչդեռ նախկինում օրական ընդունում էին 15 գնացք։ 2002-ի նոյեմբերի 30-ին Հանրապետականը հայտարարում է, որ մյուս տարվա փետրվարի նախագահի ընտրություններում պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։ 2004-ի այս օրը մեկնարկում է Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը։ «Շինարարությունը պետք է ավարտվի մինչեւ 2007 թվականի հունվարի 1-ը, որից հետո Իրանի եւ Հայաստանի գազի համակարգերը կարող են միանալ եւ սկսել աշխատանքը»,-ասում է կառավարության մամուլի քարտուղարը։ 2005-ի այս օրը ինքնաթիռ մտնելուց առաջ Ազգային անվտանգության գործակալը խուզարկում է «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Նրան նաեւ հարցաքննում են ուղեւորության նպատակի, Հայաստանի Սահմանադրության եւ այլ հարցերի շուրջ, որոնք որեւէ առնչություն չունեն օդանավակայանի ապահովության հետ։ 2009-ի այս օրը Հանրապետականի անդամ Ռոբերտ Ամիրխանյանը հայտարարում է, որ մտավորականը պարտադիր պետք է լինի կուսակցության անդամ։