Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարմիր արծիվների» պահանջներից մեկը Ռուբեն Հայրապետյանը բավարարել է

Սպորտ
sport-hff1

«Մեր երեք պահանջներից մեկը, կապված տոմսերի հետ, արդեն բավարարվել է: Եկող տարվանից այդ հարցում գնային փոփոխություններ կլինեն: Մարզչի հարցում դեռ հստակություն չկա, մոտակա մեկ ամսում պարզ կլինի, թե ով կգլխավորի հավաքականը: Ֆուտբոլիստների հետ կապված պահանջները դեռ պարզ չէ», - այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ «Կարմիր արծիվներ» ֆան շարժման անդամների միջեւ կայացած հանդիպումից հետո ասաց վերջինիս համակարգող Դենիս Սարգսյանը: Սույն ֆան ակումբը օրեր առաջ հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով հանդիպում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Այն շատ արագ ընդունվել է, եւ այսօր տեղի ունեցավ նախագահի եւ ֆուտբոլասերների հանդիպումը: Առաջ անցնելով նշենք, որ ՀՖՖ մամուլի ծառայությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին թույլ չտվեց ձայնագրություններ կատարել: Սակայն Դենիս Սարգսյանը «Ա1+»-ի մարզական լրագրողի հետ զրույցում ասաց, որ իրենք համաձայն են ՖԱՖ-ի կողմից ՀՖՖ նախագահին ներկայացրած առաջին երեք պահանջների հետ: Դրանք են՝ հավաքական հրավիրել փորձառու արտասահմանցի մասնագետ, երկրորդ՝ ֆուտբոլիստներին ընտրելիս չառաջնորդվել անձնական ամբիցիաներով, եւ երրորդ՝ վերանայել հավաքականի խաղերի տոմսերի գները: Ինչ վերաբերում է ՖԱՖ-ականների ներկայացրած մյուս երկու պահանջներին՝ այսինքն, ՀՖՖ նախագահի հրաժարականը եւ ֆեդերացիայի գործադիր կոմիտեի լուծարումը, ապա «Կարմիր արծիվները» դեռեւս վերջնական որոշում չեն կայացրել: