Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դե, մի հատ ապտակ ա, բա պիտի տա». hասարակությունը հանդուրժու՞մ է բռնությունը

Հասարակություն
12.09.11-1186Բռնություն

Նոյեմբերի 25-ից աշխարհում արդեն 16-րդ անգամ մեկնարկել է ընդդեմ կանանց նկատմամբ բռնության 16-օրյակը, որի շրջանակներում իրազեկման եւ կանխարգելման ակցիաներ են իրականացվում: Հայաստանն անմասն չէ սրանից: Կանանց ռեսուրսային կենտրոնի հոգեբան Սիրանույշ Դավթյանի խոսքով՝ Հայաստանն ընդդեմ կանանց նկատմամբ բռնության միջազգային օրվան միացել  է 2008 թվականից՝ քայլարշավով: «Հետո մեզ միացավ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, եւ սկսեցինք մի շարք այլ միջոցառումներ իրականացնել: 16-օրյակի շրջանակներում կազմակերպում ենք թրեյնինգներ, սեմինարներ, ֆիլմերի ցուցադրություններ, ցուցահանդեսներ: Այս տարի կազմակերպվեցին այցելություններ եւ իրազեկման ակցիաներ մարզերում: Նաեւ ուզում ենք հոկտեմբերի 1-ը, որը բռնության ենթարկված Զարուհի Պետրոսյանի մահվան օրն է, ընտանեկան բռնության դեմ ազգային օր հռչակել»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց հոգեբանը: Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության միջազգային օրն ու իրազեկման ակցիաների տեւողությունը պատահական չէ ընտրված: Նոյեմբերի 25-ից սկսվող ակցիաներն ավարտվում են դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը: Մեր դիտարկմանը, թե ինչպես է հասարակությունն արձագանքում նմանատիպ ակցիաներին, Սիրանույշ Դավթյանը պատասխանեց. «Դեռեւս կան մարդիկ, ովքեր մտածում են, որ Հայաստանում նման խնդիր չկա: Շատ դժվար է, երբ մարդը կնոջը ծեծում է, եւ իրեն ասում են, որ չի կարելի նման բան անել, նա անընդունելի մի բան է համարում դա, էլ չեմ ասում, որ ողջ հասարակությունը հանդուրժող վերաբերմունք ունի բռնության հանդեպ, որովհետեւ եթե հանդուրժող չլիներ, բոլոր մակարդակներում չէր լինի այն, որ «դե, մի հատ ապտակ ա, բա պիտի տա»: Չգիտես ինչու, ապտակը չի դիտվում որպես բռնություն ու այն, որ կնոջը սահմանափակում են, չեն թողնում, որ աշխատի: Եվ ցավալի է, որ այս ամենի հիմքում դնում են մշակութային տարրը, իբրեւ թե դա մեր մշակույթն է: Ընդհակառակը, մեր մշակույթի, ազգի պատմությունը ցույց է տալիս, որ մեր կանայք միշտ ավելի ազատ են եղել, կրթության, ընտրելու իրավունք են ունեցել, այն դեպքում, երբ  տարբեր երկրներ պայքարել են դրա համար»: Հարցին, թե 16-օրյակն ինչ արդյունքներ է գրանցում, հոգեբանը նշեց, որ իրազեկման ակցիաների շնորհիվ ավելանում են զանգերը, քանի որ կանայք տեսնում են, որ իրենք միայնակ չեն, եւ կան մարդիկ, ովքեր բռնությունը որպես սովորական երեւույթ չեն դիտարկում: Կանանց աջակցման կենտրոնն էլ նշում է այն տասը նշանները, որը կարող է բռնություն ծնել: Դրանք են՝ մշտական նվաստացումներ, ծայրահեղ խանդոտություն կամ անվստահություն, բռնկուն բնավորություն, ընտանիքից եւ ընկերներից մեկուսացում, տրամադրության կտրուկ տատանումներ, կեղծ մեղադրանքների առաջադրում, իշխելու եւ վերահսկելու հակում, փողի նկատմամբ խիստ վերահսկողություն, ցանկությունների իրականացման եւ որոշումների կայացման արգելում, սեփական կամքի պարտադրում: