Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սա մարտի մեկը չէ, եկեք մարդկանց չահաբեկենք» (տեսանյութ)

Քաղաքականություն
25a396a8aa9f8fffde89f7f94560fc58

Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը շոուի մակարդակի է՝ որեւէ բովանդակային քննարկում հենց ընտրողի հետ, չի եղել: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն՝ ավելացնելով՝  հեռուստաեթերով անգամ ամբիոն չեն ստացել, որ կարողանան ժողովրդին բովանդակային բացատրել, թե ինչու են դեմ. «Մեզ համար, որը սոցիալական արդարության սկզբունքի կուսակցություն ենք, նախագծում որեւէ ապահովվածություն այդ իրավունքների համար չկա:  Ինձ համար այդպես էլ մնաց անհասկանալի՝ այդ առնվազն հարյուր մեկ պատգամավոր ձեւակերպումը: Հիշեք իմ խոսքերը՝ ռեյտինգային քվեարկությունը շրջաններում է լինելու: Ինչո՞ւ օլիգարխները սուս ու փուս նստած են հիմա, քանի որ նրանց ասելու են՝ գնացեք շրջաններում ռեյտինգային քվեարկություն արեք: Կոալիցիա ձեւավորելու չեն գնալու,  անպայման պատճառ կգտնեն, կասեն, որ չի ստացվում ու գնում են երրորդ փուլ՝ երեսուն-քառասուն մանդատ կհանեն գրպանից: Այդ արհեստական մեծամասնությունը կազմելու են էլի իշխանությունները, պետք է չէ իլյուզիաներ ունենալ: Շնից մազ պոկելը սկզբունք է դառնալու»: Ըստ նրա՝ մենք բոլորս պետք է պայմանավորվենք, թե ինչպես ենք ապրելու այս պետության մեջ. «Սահմանադրական փոփոխությունները իդեալական փաստաթուղթ պետք է լինեն, որ մի տասը տարի ապրենք դրանով: Եղած Սահմանադրությունը լավ չէ, սակայն «ոչ» ասելով փոփոխություններին՝ ժողովուրդը իշխանություններին դեղին քարտ է ցույց տալիս, քանի որ ժողովուրդն ասում է՝ մենք ձեզ չենք վստահում ու չենք հավատում: Վերջերս մի համայնք էի գնացել, մի ջարդած տան վրա գրված է՝ «Ասա այո», ինչի՞ն ասեն այո, քանդած փողոցների՞ն ու դատարկությա՞նը: Մեր գրասենյակի կողքն  էլ «այո»-ի շտաբն է, գալիս հարցնում են՝ փողը ձեզ մո՞տ են տալիս: Վայ մեզ, վայ մեր պետությանը:Կոչ ենք անում մարդկանց՝ դեմ քվեարկել այս փոփոխությանը»: Իսկ նրա հետ բանավիճող «այո»-ի կողմնակից, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ պետք է ներգրավվել փոփոխությունների նախագծում ու իշխանություններից պահանջել ավելին: Դիմելով Արամ Սարգսյանին՝ նա նկատեց. «Ես կարծում էի՝ դուք պետք է առաջինը ողջունեիք այս փոփոխությունները, քանի որ նախագծում դեմոկրատայի սկզբունքները ամրագրված են տնտեսական կարգի մեջ: Առաջին անգամ ամրագրվում է սոցիալ-դեմոկրատական արժեքների հիմքը, կիրառելի մեխանիզմ են դարձնում սոցիալական իրավունքները՝ դատական պաշտպանության վերջնական մեխանիզմով: Գործող Սահմանադրության մեջ գրված է բնակարան ունենալու իրավունքը, որն այդպես էլ չկիրառվեց: Իսկ հիմա այն շաղկապված է մարդու կարիքի հետ եւ դա ճիշտ է: Պատկերացրեք՝ օլիգարխները դիմեին զանգվածաբար, ասեին՝  մի հատ էլ առանձնատուն են ուզում»: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ մենք  նոր նախագծով կունենանք ոչ միայն պատասխանատու իշխանություն, այլեւ ընդդիմություն. «Հիմա ինչպիսին է իրավիճակը՝ իշխանությունը կարծրացնում է իր դիրքերում, իսկ ընդդիմությունը դառնում է հայհոյող: Արդյունքում մնում ենք նույն կոտրած տաշտակի առջեւ: Իսկ փոփոխությունները մեր քաղաքացիներին կդարձնեն հետեւողական այն ծրագրերի իրականացման գործում, որոնք ներկայացրել են քաղաքական ուժերը: Մենք այս նախագծով կխուսափենք մարտի մեկերից»: Պարոն Մինասյանն իր հետ բերել էր նաեւ 1995թ.մամուլի հրապարակումներ, որտեղ ՀԴԿ-ն կողմ էր արտահայտվել խորհրդարանական համակարգին: Արամ Սարգսյանը չժխտեց, սակայն ընդգծեց. «Սա լավագույնը կլիներ, եթե լիներ: Նաեւ, պարոն Մինասյան, սա մարտի մեկը չէ, եկեք մարդկանց չահաբեկենք, սա քաղաքական պայքար է: Մեզ մոտ երբեք սահմանադրական նորմերով չեն կառավարել երկիրը, քանի որ երկու օր անց մոռանալու են Սահմանադրության մասին»: