Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ, որովհետև զենքը դրեցին ճակատին» (տեսանյութ)

Քաղաքականություն
hogeban-nkar

Հոգեբան Սամվել Խուդոյանի տպավորությամբ՝ Նորք-Մարաշում օրերս հայտնաբերված հանցավոր խմբի փաստը տագնապ չի հարուցել մարդկանց մեջ. «Ուղղակի տարակուսում է ժողովուրդը. տարբեր փաստարկներ են բերվում, որ սարքած էր դա, ծաղրանկարներ են հայտնվում։ Կարծում եմ, որ նրանք, ում բռնել են, իրենց խոսքն ավելի հիմնավոր կլիներ։ Այստեղ ուղղակի տեղեկատվության դեֆիցիտ է»։ Հոգեբանը չի կարծում, թե այդ միջադեպը կարող էր պլանավորված և ոչ իրական լինել։ Հիմնական տագնապը, որ առկա է հասարակության մեջ, ըստ պարոն Խուդոյանի՝ կապված է ռուս-թուրքական հարաբերությունների սրման հետ։ «Դավութօղլուի հայտարարությունը, որ իրենք ամեն ինչ կանեն՝ տարածքները ետ վերադարձնելու համար և այլ նմանատիպ ելույթներ ավելի են մարդկանց անհանգստացնում»։ Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը նույնպես կարծում է, որ հանցավոր խմբավորման դեպքը հատուկ պատրաստված չէր։ Իսկ անդրադառնալով սահմանադրության հանրաքվեին, նա շեշտեց, որ մարդիկ պետք է գնան և քվեարկեն իրենց խղճի համաձայն։ Հարցին, թե արդյո՞ք Այո-ն կամ ոչ-ը կարողացե՞լ են համոզել մտավորականին իր դիրքորոշումը ձևավորելու հարցում, պարոն Առաքելյանը նշեց. «Ինձ չի կարելի համոզել, ես տեսնում եմ՝ ինչ է կատարվում։ Ես հո երեխա չեմ, որ ամեն մեկը կանգնի, անգրագետ դուրս տա, ես էլ ծափ տամ։ Կա մի ճշմարտություն՝ ազնիվ և ճիշտ ընտրություններ։ Եթե սա լինի, բոլոր հարցերն իրենց տեղը կընկնեն։ Հիմա եթե կանգնեմ, ասեմ՝ Այո, դա սխալ է, եթե ասեմ Ոչ՝ դա նույնպես սխալ է»։ Քանդակագործը վստահ է, թե մտավորականները բարձր են կանգնած բոլոր կուսակցություններից։ «Մտավորականն ինքն արդեն ազնիվ ընդդիմություն է։ Ես իսկական ընդդիմություն եմ, որովհետև երբեք աթոռի չեմ ձգտել , սրիկայի դերում չեմ եղել, եղել եմ ժողովրդի հետ։ Ի՞նչ բան է ընդդիմություն. ընդդիմության կեսն անցյալի սրիկաներն են։ Դա ընդդիմությո՞ւն է»։ «Մեկն ուզում է , մյուսը չի տալիս. դա բնական բան է, միշտ էլ այդպես է եղել, Կեսարն էլ չէր տալիս, Բոնապարտը տվե՞լ է»,-իշխանության և ընդդիմության կարգավիճակի մասին խոսելով՝ ասաց նա։ Հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանն արդյո՞ք չփոխանցեց իշխանությունը, պարոն Առաքելյանն ընդգծեց. «Չէ, Լևոն Տեր-Պետրոսյանը փոխանցեց, որովհետև զենքը դրեցին ճակատին»։