Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ նախագահը ձմեռ պապի չէ». Ստ. Սաֆարյանը երբեմն համակարծիք չէ Ոչ-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
30413f056fbcdf2ec61329da218f0b10

«Այո»-ի ու «ոչ»-ի միջեւ այդպես էլ բովանդակային քննարկում չստացվեց: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի վեցին կայանալիք սահմանադրական հանրաքվեին: Ըստ նրա՝ ոչ-ի ճամբարը որեւէ լուրջ փաստարկ չի բերել, ըստ որի այս փաթեթը վատն է ու առաջադիմական չէ. «Հիմնական փաստարկն այն է, որ իշխանությունները վատն են, ու նպատակը վերարտադրությունն է: Այդ պատճառաբանությունները չեն համապատասխանում իրականությանը»: Լեւոն Մարտիրոսյանի խոսքերով՝ սա առաջադիմական փոփոխությունների փաթեթ է, եւ մեր հասարակությունը հասել է այնպիսի մի մակարդակի, որ արդեն պատրաստ ենք անցնել ավելի առաջադիմական համակարգի՝ խորհրդարանականի. «Կամա թե ակամա ստացվում է այնպես, որ մենք կողմ ենք քվեարկում գործող Սահմանադրությանը, սա «կամ-կամ»-ի քարոզարշավ է, այլ ոչ թե «այո»-ի կամ «ոչ»-ի»: Նրա հետ բանավիճող Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ ընդհանրապես համակարծիք չէ Լեւոն Մարտիրոսյանի հետ, թե «այո»-ի կողմնակիցները ներկայացրել են փոփոխությունների առավելությունները, իսկ «ոչ»-երը չեն մտնում քննարկումների մեջ. «Միայն կայուն մեծամասնության թեզը բավարար է, որ դեմ լինենք այս փոփոխություններին: Նույնիսկ այն քաղաքական գործիչները, որոնք սկզբունքորեն խորհրդարանական կառավարմանը կողմնակից էին, հիմա չեն կարող կողմ լինել այս փոփոխություններին: Ես ոչ եմ ասելու, սակայն թե գործող, թե փոփոխվող Սահմանադրության նախագիծը որեւէ բան մեզ չի տալու՝ ուժի կենտրոնը մնում է  Բաղրամյան 26-ում, թե գալիս է Բաղրամյան 19 կամ Մելիք-Ադամյան, ըստ էության բան չի փոխվելու: Երկուսն էլ ունեն նույն արատները, քանի որ չկա իշխանության տարանջատում»: Լեւոն Մարտիրոսյանը հայտարարեց, որ հիմնական խնդիրը գալիս է նրանից, որ մենք ցածր վստահության մակարդակով հասարակություն ենք՝ իշխանությունների նկատմամբ. «Իտալիայի, Իսրայելի հասարակությունները եւս այդպիսին են, այնտեղ էլ կասկածամտությունը միշտ կա ու լինելու է: Սար ու ձորեր են գործող Սահմանադրության ու փոփոխությունների միջեւ»: Իսկ Ստեփան Սաֆարյանը իր հերթին նշեց, որ «ոչ»-ի դաշտի շատ կարծիքների հետ համակարծիք չի եղել. «Օրինակ՝ երբ ասում են՝ եթե երկրի նախագահը բարի լինի կամ ունենա բարի կամք, ինչպես ձմեռ պապին: Այդ դեպքում այդպիսի խուճուճ տեքստերով Սահմանադրությունն ինչների՞ս է պետք, եթե մեզ ընդամենը լավ, բարի նախագահ է պետք: Ես բնական չեմ համարի այն ուժին, որը կհայտարարի, թե ինքը իշխանության գալ չի ուզում, կամ չեմ հասկանա, եթե իշխանությունն ասի, թե ուզում է գնալ թոշակի»: Ըստ Լեւոն Մարտիրոսյանի՝  իշխանություններն այս փոփոխություններով հեծանիվ չենք հորինում, այլ վերցրել են համաշխարհային լավագույն փորձը: