Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրատվությունը քարոզչությամբ փոխարինելու վտանգ կա. Բորիս Նավասարդյան

Հասարակություն
5d91903140023233a5215c6fb04ceaaf

ԵՄԱ-ն հոկտեմբերի 26-ից ԶԼՄ-ների մշտադիտարկում է անում՝ կապված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի հետ: Ինչպես նշեց ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը Ծաղկաձորում անցկացվող «Հայաստանյան լրատվամիջոցների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները» կոնֆերանսի շրջանակներում՝  արդեն արձանագրել են մի շարք խախտումներ, որոնք հիմնականում վերաբերում են հեռարձակող ԶԼՄ-ներին: Նրա խոսքերով՝ հեռարձակող ԶԼՄ-ները իրենց եթերում հիմնական շեշտադրումն արել են խորհրդարանական վեց ուժի միջեւ քարոզչության հավասարակշռության պահպանման վրա. «Հանրաքվեն այնպիսի գործընթաց է, որի սուբյեկտներին զուտ ֆորմալ մոտեցմամբ հնարավոր չէ որոշել: Հակասական որոշում է, երբ ասում են հավասար պայմաններ միայն խորհրդարանական ուժերի դեպքում: Խնդիրը նաեւ օրենքի մեջ է, որտեղ նշված է՝ քարոզարշավի ժամանակ քարոզչության  իրավունք ունեն հասարակության բոլոր շերտերը, սակայն հեռարձակող ԶԼՄ-ներով լուսաբանելու իմաստով առանձնացված է, որ միայն խորհրդարանական ուժերով կարելի է սահմանափակվել: Շատ ԶԼՄ-ներ դա ոչ ֆորմալ հրահանգ են ընդունում ու միայն լուսաբանում են խորհրդարանական այդ ուժերին, մինչդեռ կան փորձագիտական հանրություն, քաղաքացիական շարժումներ, ՀԿ-ներ, որոնք գոյություն չունեն հեռուստաընկերություններում, ասպարեզում միայն քաղաքական շահերն են ներկայացված»: Նոյեմբերի վեցից մեկնարկած եթերային քարոզարշավից ԵՄԱ նախագահը ներկայացրեց մինչեւ նոյեմբերի տասնհինգը եղած արդյունքները. «ՀՀԿ-ն անվճար եթերից այնքան է օգտվել, որ բոլոր մյուս ուժերը միասին վերցված տասն անգամ ավելի է եղել, իսկ վճարովի եթերից օգտվել է՝ քսանվեց անգամ ավելի: Վերլուծելով այս իրավիճակը՝ հասկանում ենք, որ այս փոփոխություններով նախանշված միակուսակցական համակարգը մենք կհաղթահարենք. ֆինանսական ռեսուրսները որոշում են ամեն ինչ, եւ դրանք հիմնականում քաղաքական գումարներ են, որոնք նաեւ կապված են խոշոր բիզնեսի հետ: Իշխող ուժի ազդեցությունը լրատվամիջոցների վրա՝ լրջագույն մարտահրավեր է»: Ըստ Բորիս Նավասարդյանի՝ ԶԼՄ-ների պարագայում մենք կարողանում ենք պահպանել մեր ինքնիշխանությունը, թեեւ դրսից փորձ արվում է ունենալ ազդեցություն. «Ամբողջ աշխարհի վտանգը լրատվությունը քարոզչությամբ փոխարինելն է, որը հատկապես ակնհայտ է ՌԴ-ում»: