Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանրապետությունում կրիմինալ գնաճը շատ մեծ ծավալի է հասնում»

Հասարակություն
armen-poghosyan

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը դժգոհում է՝ մի կողմով դիալոգ չի լինում։ Ասուլիսին պետք է ներկա լինեին Ազգային վիճակագրական ծառայությունից, ԱԺ տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովներն՝ իրենց ղեկավարներով։ Պետք է լինի երկխոսություն՝ կառավարության տարբեր ճյուղերի, հասարակության եւ մամուլի միջեւ։ Այսուամենայնիվ, նա անդրադարձավ գների թանկացմանը. «Գները երբեմն այնպիսի թռիչքներ են ապրում։ Ինչպես կարելի է հոսանքի գինը 17 տոկոս բարձրացնել, երբ ծրագրում 4 տոկոս է գրված, մետրոն՝ 100 տոկոս, երբ 4 տոկոս պետք է լիներ։  Գները կառավարվում են հետևյալ կերպ՝ գոյություն ունի կենտրոնական բանկ, որի գործառույթն է՝զսպել և ազդել գնաճի վրա»։ Բանախոսն առանձնացնում է կրիմինալ գնաճը. «Դուք գնում եք հաց, որը պետք է լիներ 200 գրամ, մեկ էլ պակասեց 7 գրամով։ Ոչ մի սպառող չի կարող այդ յոթ գրամը հայտնաբերել։ Գնում եք շաքար, խոնավության տոկոսը բարձրացավ, ո՞վ կարող է հետևել։ Կրիմինալ գնաճը շատ մեծ ծավալի է հասնում։ Ժամանակին մենք կատարել ենք շրջայց-ստուգում։ Եվ պարզվեց, որ հացի փաստացի գնի ու փաստացի քաշի մեջ կա մինչև 30 տոկոս տարբերություն։ Սա փաստված է մեր կողմից, բայց ոչ մի հետևանք չունի։ Մենք ուղարկել ենք նամակ երկրի նախագահին, երկրի նախագահի վերահսկողության ծառայության պետին եւ չենք ստանում տրամաբանական պատասխան։ Է, ի՞նչ անեմ ես։ Նախագահից բարձր էլ ի՞նչ մարմին կա, որ դիմեմ։ Վիճակը վերահսկողությունից դուրս է։ Օլիգարխիան չի թողնում, որ նորմալ գնագոյացություն կատարվի»։ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը տնտեսական քաղաքականություն մեր երկրում չի տեսնում, միայն կարկատանային իրավիճակային լուծումներ է տեսնում. «Մեր երկրում ձվի հարցը լուծված է, բայց թռչնամսի հարցը լուծված է ընդամենը 37-40 տոկոսով։ Մեծ մասը ներկրում ենք, իսկ դա ծաղր է»։ Այս տարի եւս Ամանորին գնաճն անխուսափելի է։ Բանախոսը նկատում է՝միրգն ու բանջարեղենն առատ էր այս տարի, չպետք է թանկանար։ Վերջում եւս մեկ անգամ հիշեցրեց՝ կաթնամթերք, մսամթերքը երկրորդ անգամ սառնարան դնելը վտանգավոր է։