Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատժելու փոխարեն՝ պետությունը վերապատրաստում է իր ոստիկանին

Հասարակություն
mak

Յուրաքանչյուր հինգ տարին մեկ Հայաստանը եւ ՄԱԿ-ի անդամ հանդիսացող այլ երկրներ ՄԱԿ-ին են ներկայացնում մարդու իրավունքների ոլորտում իրականացրած բարեփոխումների վերաբերյալ իրենց զեկույցը: Այսօր այդ թեմայով տեղի ունեցած քննարկման ժամանակ «Բաց հասարակության ինստիտուտի» ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանն ասաց, որ Հայաստանը արդեն երկու զեկույց է ներկայացրել՝ առաջինը 2010 թվականին, երկրորդը՝ 2015-ի հունվարին: Նրա խոսքով՝ իրենց առանձին զեկույցները կարող են ներկայացնել նաեւ տվյալ երկրի հասարակական կազմակերպությունները: Դավիթ Ամիրյանը նշեց նաեւ, որ Ժնեւում անցկացվող հանդիպմանը, որտեղ երկրները ներկայացնում են իրենց զեկույցները, տարբեր երկրների կողմից հանձնարարություններ են հնչում: «Հայաստանն այս տարի 189 հանձնարարական է ստացել, որից 10-ը կատեգորիկ չեն ընդունվել, քանի որ առաջարկված են եղել Ադրբեջանի կողմից: Ընդհանուր առմամբ, Հայաստանը մոտ 155 հանձնարարական է ընդունել, որոնք առաջիկա հինգ տարում պարտավորվել է կատարել»,-ասաց նա: Դավիթ Ամիրյանը հավելեց, որ երկրները հաճախ խուսափում են կտրուկ հանձնարարականներ տալ: Դրանք հնչում են մոտավորապես այսպես՝ ապահովել, օրինակ, լրագրողների եւ քաղաքացիական ակտիվիստների խոսքի իրավունքը, ազատ հանրաքվեների, ցույցերի անցկացման իրավունքը, խոսքի ազատությունը համացանցում եւ դրանից դուրս, բայց երբեմն լինում են նաեւ առավել կոնկրետ հանձնարարականներ: «Օրինակ՝ Հայաստանին դեռեւս հինգ տարի առաջ հանձնարարվել էր օրենք մշակել խտրականության եւ ընտանեկան բռնության դեմ: Վերջինի հետ կապված՝ Հայաստանն ասել էր, որ քննարկում է ընթանում իր օրենքներում այնպիսի դրույթներ մտցնելու շուրջ, որոնք կվերացնեն դա: Սակայն մինչ օրս արդյունք չկա: Արդյունք չկա նաեւ լրագրողների խոսքի ազատության, հանրաքվեների ազատ անցկացման ոլորտում»: Ըստ Դավիթ Ամիրյանի՝ քաղաքացիական հասարակությունը արդյունք կտեսնի, երբ, օրինակ, հունիսի 23-ի դեպքերից հետո բռնություն կիրառած ոստիկանները դատապարտվեն: «Բայց պետությունն ասում է՝ ես վերապատրաստման դասընթացներ կանցկացնեմ ոստիկանների հետ, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն»: Մինչդեռ ՄԱԿ-ը պատժիչ մեխանիզմներ չունի պարտավորություններ ստանձնած եւ դրանք չիրականացրած պետությունների դեմ: