Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՉ-ի շտաբը Կլոր սեղան-քննարկում է անցկացրել դեսպանների հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled24

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրություն Ընդդիմության առաջնորդների և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ տեղի ունեցած Կլոր սեղան-քննարկման մասին 2015 թ. նոյեմբերի 26-ին Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը ընդդիմության առաջնորդների մասնակցությամբ կազմակերպել էր Կլոր սեղան-քննարկում, որին հրավիրված են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները: Քննարկման թեման էր՝ «Սահմանադրական հանրաքվեի հանրային վերահսկողության խնդիրները»: Քննարկումը վարում էր Հայաստանի քաղաքագետների միության վարչության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Քննարկմանը մասնակցում էին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհրդի անդամներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Գարեգին Չուգասզյանը, Պետրոս Մակեյանը, Արմեն Մարտիրոսյանը, Անդրիաս Ղուկասյանը, Քաղաքական խորհրդի անդամ, Ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը, «Ոչ»-ի շտաբի պետ Լևոն Զուրաբյանը, «Ոչ»-ի շտաբի անդամ Գեղամ Բաբայանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը և այլ ընդդիմադիր գործիչներ: Քննարկմանը մասնակցում էին նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություների, այդ թվում՝ Եվրոպական Միության, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի Դաշնության, Բուլղարիայի և Իրաքի, ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում դիտարկվեցին Հայաստանում սահմանադրականության հաստատման կենսական անհրաժեշտության, վարչախմբի նախաձեռնած՝ նոր սահմանադրության ընդունման գործընթացի ոչ իրավաչափ և հակասահմանադրական լինելու, ժողովրդի շրջանում նոր սահմանադրության դեմ զանգվածային դիմադրության առկայության, ընդդիմության միասնականության, վարչախմբի կողմից զանգվածաբար գործադրվող կեղծիքների և, այդ ամենով հանդերձ ու այդ ամենի պայմաններում՝ հանրաքվեի գործընթացի նկատմամբ հանրային վերահսկոսղության կազմակերպման հարցերի մասին: Զուգահեռաբար՝ անդրադարձ եղավ նաև այն փորձերին, որոնց միջոցով իշխանությունների կողմից ուղղորդվող լրատվական աղբյուրները ձգտում են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հետ կապել 2015 թ. նոյեմբերի 25-ին Երևանում բացահայտված հանցավոր խմբավորումը: Արձանագրվեց, որ վարչախումբը փորձում է նման ապատեղեկատվության միջոցով մոլորեցնել ու հոգեբանորեն ճնշել մեր ժողովրդին և ապակողմնորոշել միջազգային հանրությանը, որպեսզի հարկ եղած դեպքում պատրվակ ունենա ստալինյան ահաբեկչության մեթոդներով զանգվածային բռնություններ կիրառել «Նոր Հայաստան» ճակատի և առհասարակ ընդդիմության նկատմամբ: