Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղարաբաղում դատապարտում են տարածքներ զիջելու ՀՀԿ-ի հայտարարությունները

Քաղաքականություն
g_image.php_

«Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի ելույթը ԼՂՀ ԱԺ լիագումար նիստում Հարգելի ներկաներ, Վերջին շրջանում կրկին ակտիվացավ ղարաբաղաադրբեջանական հակամարտությունում Ռուսաստանի դերի մասին հրապարակումները, տարածքային զիջումների թեման, ինչի շրջանակում հայաստանյան ու ռուսաստանյան մամուլում սկսեցին շրջանառվել մի շարք տարբերակներ, իսկ Հայաստանի կառավարող կուսակցության պատգամավորի կողմից հրապարակայնորեն հավանական համարվեց Արցախի հարցում տարածքային զիջումները: Ես ուրախ եմ, որ մեր հասարակությունը, այդ թվում այստեղ նստած մեր գործընկերներից շատերը, կտրուկ արտահայտվեցին այս թեմայով` դատապարտելով պարտվողական հայտարարությունները: Այս հայտարարության մեջ ես կցանկանայի խոսել պաշտոնական Ստեփանակերտի թերացումների մասին, ինչը հնարավոր է, հիմք է տալիս նաև պարտվողական հայտարարությունների համար: ԼՂՀ նախագահի և նախագահի աշխատակազմի կողմից ամենահաճախակի հնչող ձևակերպումն այսօր այսպիսինն է. «վերադարձ նախկին սահմաններին և կարգավիճակին լինել չի կարող»: Սա պարտվողական ձևակերպում է, ինչը չի հակասում մեր կողմից անընդունելի մադրիդյան սկզբունքներին: Հարկավոր է, որ Ստեփանակերտը հստակ դնի տարածքային զիջումների անհնարինության սկզբունքը: Անընդունելի է նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի արդարացումը ԼՂՀ նախագահականի կողմից: Արցախի ժողովրդի դեմ Ռուսաստանի այս թշնամական քայլերի արդարացումը պաշտոնական Ստեփանակերտի կողմից որևէ տրամաբանության չի դիմանում: Նման գնահատականները պաշտոնական Մոսկվային Արցախի ժողովրդի դեմ թշնամական նոր գործողությունների են դրդրում: Ես ուզում եմ, որ մի բան բոլորիս համար հստակ լինի. Ադրբեջանին սպառազինություն վաճառող ցանկացած պետություն, լինի դա Իսրայելը, Թուրքիան, Ուկրաինան թե Բելառուսը կամ Ռուսաստանը, թշնամական գործողություն է կատարում Արցախի ժողովրդի նկատմամբ, իսկ նման գործողությունները ենթակա են դատապարտման: Երրորդ կարևոր սկզբունքը, որ կուզեի խոսել, Արցախի տարածքում օտար զինված ուժերի բացառումն է, ինչ անվամբ էլ նրանք լինեն` խաղաղապահ ուժեր, հակաահաբեկչական գորոծղություն իրականացնող ուժեր և այլն: Մենք տեսել ենք, թե Արցախում ոչ հայկական զինված ուժերը ինչի են ընդունակ և իրավունք չունենք կրկնելու մեր հեռավոր կամ ոչ վաղ անցյալի սխալները: Պարտվողական հայտարարությունները միայն թուլացնում են մեր հասարակությունը և լկտիացնում մեր թշնամուն: Ես ուրախ եմ, որ Արցախի Ազգային ժողովում գոյություն ունի քաղաքական ուժերի հստակ անհանդուրժողականություն տարածքային զիջումների, պարտվողականության և ստրկամտության նկատմամբ: Հարկավոր է, որ մեր այս տեսակետները դառնան իմպերատիվ մեր բոլոր կառույցների և հայաստանյան քաղաքական շրջանակների համար: