Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրային խորհուրդը քննարկել է Սարսանգի ջրամբարի անվտանգության խնդիրը

Քաղաքականություն
unnamed-116

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը խորհրդի անդամներին նախ ներկայացրել է նոյեմբեր ամսվա ընթացքում ՀՀ նախագահի, վարչապետի, ինչպես նաև Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի հետ տեղի ունեցած իր հանդիպումները, որոնց ընթացքում քննարկվել են ՀԽ նախորդ նիստերին բարձրացված հարցեր: Այնուհետև ՀԽ անդամներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը` անդրադառնալով նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի վնասազերծմանը, քննարկել տեղի ունեցածի վերաբերյալ հասարակական արձագանքը: Քննարկվել է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական հանձնաժողովի կողմից ընդունված և ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգ ներառված Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական բանաձևը: ՀԽ անդամներn ընդհանուր առմամբ մտահոգություն են հայտնել վերջին շրջանում ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի ընդունման միտումների վերաբերյալ, քննարկել ԵԽԽՎ տարբեր հանձնաժողովներում հայ պատգամավորների գործունեությունն ու արդյունքները: Այնուհետև անդրադրաձ է եղել Սարսանգի ջրամբարի ներկա վիճակին, դրա շահագործման ու անվտանգության հետ կապված հարցերին: Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու ընթացակարգին վերաբերող հարցը նույնպես ներառված է եղել նիստի օրակարգում՝ մասնավորապես կապված Հայ առաքելական եկեղեցում մկրտության փաստը հաստատող փաստաթղթի պահանջի հետ: Այս համատեքստում նիստի մասնակիցները քննարկել են նաև հայի ինքնության որոշման, ազգության սահմանման և նմանատիպ այլ հարցեր: Նիստի ընթացքում Վազգեն Մանուկյանը գործընկերներին հայտնել է, որ հանդիպում է ունեցել ՌԴ VI գումարման Պետդումայի պատգամավոր, «Ռուսական աշխարհ» հիմնադրամի վարչության նախագահ Վյաչեսլավ Նիկոնովի հետ, որի հետ ծավալվել է հետաքրքիր զրույց Հայաստանը միջազգային քննարկումների հարթակ դարձնելու հարցի վերաբերյալ: Առաջարկ է հնչել, որպեսզի տարեկան մեկ անգամ Հայաստանում անցկացվի միջազգային խորհրդաժողով՝ քննարկելու համաշխարհային ներկա մարտահրավերները, փիլիսոփայական, գաղափարական, քաղաքական և կառուցվածքային այն զարգացումները, որոնց նախաշեմին այսօր կանգնած է մարդկությունը: Նիկոնովը կարևորել է նման քննարկումները Հայաստանում անցկացնելու անհրաժեշտությունը՝ որպես մտավոր մեծ ներուժ ունեցող և միջազգային քաղաքականության առումով համեմատաբար չեզոք դիրքերում գտնվող պետություն: ՀԽ անդամները փաստել են, որ Հայաստանը համաշխարհային տարբեր հարցերի շուրջ երկխոսության հարթակ տեսնելու պատրաստակամությունը միջազգային հանրության կողմից բազմիցս է արտահայտվել տարբեր վեհաժողովների և քննարկումների ժամանակ: ՀԽ փոքր խորհրդի նիստում քննարկվել են նաև Հայաստանում Էլեկտրաէներգիայի և գազի սակագների հետ կապված հարցերը: ՀԽ նախագահը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և պետական համապատասխան կառույցների, ինչպես նաև ոլորտի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել սակագների ձևավորման քաղաքականության հարցերը: Նիստի ժամանակ մտքեր են փոխանակվել նաև դեկտեմբերի 6-ին անցկացվելիք ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, Հանրային խորհրդի կազմի համալրման և այլ հարցերի վերաբերյալ: